Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-19/23. Պաչյան, Քոլինզ, Սթոուն

4 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-19/23. Պաչյան, Քոլինզ, Սթոուն

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2023 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների երեք ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն

Արամ Պաչյան, «Եթե սա գրող է»

aram.jpg (274 KB)

Արամ Պաչյանի «Եթե սա գրող է» նոր գրքում տեղ են գտել վերջին տարիներին գրված ստեղծագործությունները։ Եռամաս գրքի առանցքում Արցախյան 1-ին և 2-րդ պատերազմներն են, երկրաշարժը, համավարակը, Երևան քաղաքի և ընդհանրապես ուրբան հիշողությունը։ Փորձառել ընթերցողին ու ընթերցանությունը, վերամտածել գրարվեստը, խնդրականացնել գրող լինելու, լեզվի, վիպասանության ձևերն ու ասելիքները։ Սրանք ենք «Եթե սա գրող է» գրքի բովանդակային շերտերը, որոնք կբացահայտենք շնորհանդեսի շրջանակում։

Ժանրային սահմանաչափերն ու պատկանելություններն այլևս ջնջված են. էսսեն ու պատմվածքը, գրողի խոսքը, անձնական ու հավաքական վերհուշը, ինքնակենսագրությունն ու արխիվային լուսանկարը շաղկապվել են և տարրալուծվել մի ամբողջական պատումի մեջ։ Գիրքը լույս է ընծայել «Էջ» հրատարակչությունը։

Թարգմանական գրականություն

Ուիլքի Քոլինզ, «Լուսնաքարը»

lusnaqar.jpg (246 KB)

Ուիլքի Քոլինզը վիկտորիանական դարաշրջանի լավագույն գրողներից է։ Նրա «Լուսնաքարը» վեպը համարվում է դետեկտիվ ժանրի առաջին մեծածավալ ու հաջողված գործը, որը սահմանել է այդ ժանրի հիմնական սկզբունքները։ Վեպի կիզակետում հայտնված Լուսնաքարը դառնում է հերոսների ինքնաբացահայտման ու հետախուզական հմտությունների զարգացման միջոց։ Սեր, խաբեություն, գողություն, հիասթափություն, մեղսավոր լռություն և, ի վերջո, երկար սպասված ու փոքր-ինչ ֆանտաստիկ թվացող իրականության բացահայտում։ Ահա սյուժեի հախուռն ու համակողմանի նկարագիրը։ Կամա թե ակամա Լուսնաքարի հետ առնչություն ունեցող անձինք իրենց տեսածն ու լսածը, որպես վկայություն, շարադրում են պատմության տեսքով և այդ տարբեր տեսակետների համադրությունն է, որ ընթերցողի առաջ բացելու է դետեկտիվ ժանրի դռները։ Թարգմանությունն անգլերենից՝ Արմինե Մուրադյանի: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը։

Փաստավավերագրական գրականություն

Օլիվեր Սթոուն, «Զրուցելով Պուտինի հետ»

oliver.jpg (157 KB)

Օլիվեր Սթոունը այս գիրքը գրել է Պուտինի հետ 2015-2017 թթ. անցկացրած հարցազրույցների հիման վրա, որոնք ցուցադրվել են ամերիկյան հեռուստատեսությամբ։ Գրքում Վլադիմիր Պուտինը ներկայացնում է ուկրաինական ճգնաժամի արմատները, աշխարհաքաղաքական խնդիրների ռուսական տեսակետը, պատմում իր մանկության՝ երբեք չհրապարակված մանրամասները։ Պուտինի հետ հարցազրույցների համար ամերիկյան մամուլը քննադատել է Սթոունին, մեղադրել միակողմանի դիրքորոշումներ հրապարակելու մեջ։ Սակայն հեղինակը ցույց է տվել, թե ով է Վլադիմիր Պուտինը, ինչ աշխարհայացք ունի, որոշումներ կայացնելիս ինչ սկզբունքներով է առաջնորդվում եւ ինչի է պատրաստ՝ հանուն իր երկրի։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում