Աշոտ Փաշինյանին առևանգելու գործով Գայանե Հակոբյանը կալանավորվեց

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի որդի Աշոտ Փաշինյանին առևանգելու գործով դատարանը որոշում կայացրեց 1 ամսով կալանավորել զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գայանե Հակոբյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը:

Փաստաբանն ասաց, որ կալանավորման իրավաչափության վերաբերյալ իրենց բողոքը մերժվել է:

«Եվ վարույթն իրականացնող մարմնի ներկայացրած միջնորդությունն, ըստ էության, բավարարվեց»,-ասաց փաստաբանը:

Հովհաննիսյանը այդ որոշումն անհասկանալի համարեց՝ կարծիք հայտնելով, որ միջնորդության, քննարկման ընթացքը չէր կարող հանգեցնել նման որոշման կայացման:

Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ Գայանե Հակոբյանը հացադուլը շարունակում է, ինքնազգացողությունը նորմալ է: Դատարանի բակում են հավաքվել զոհված զինծառայողների ծնողներ:

Գայանե Հակոբյանին կալանավորելու միջնորդությանհարցով նիստը կայացել էր մայիսի 19-ին:

2023թ. մայիսի 17-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում Աշոտ Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել: Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ Աշոտ Փաշինյանն ասել է, որ Երևան քաղաքի Գ.Նժդեհի փողոցում գտնվող ՀՀ վերաքննիչ դատարանի դիմացի հատվածով քայլել է դեպի Գ.Նժդեհի հրապարակ։ ՀՀ վերաքննիչ դատարանի բակում կանգնած են եղել 2020թ. պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ծնողները, նրանք արագ քայլելով մոտեցել են իրեն, ձայն տվել, ոմանք նաև որոշակի «ռեպլիկներ» են հնչեցրել:Նրանցից մի կին մոտեցել է իրեն, ներկայացել որպես զոհված զինծառայողի մայր, առաջարկել է նստել մոտակայքում կայանված իր ավտոմեքենան, որպեսզի կարողանան հանգիստ զրուցել: Երբ նստել է մեքենան, նշված կինն իր համար անսպասելի վարել է այն՝ ասելով, թե փոքր-ինչ հեռու կգնան, որպեսզի իրենց չխանգարեն։

Ըստ ՔԿ-ի հաղորդագրության ավտոմեքենայում նշված կինը սկսել է խոսել 2020թ. պատերազմից, տարածքային ու մարդկային կորուստներից։ Տեսնելով, որ վերջինս դրսևորում է ոչ ադեկվատ վարքագիծ, երթևեկում է արագությունը գերազանցելով՝ երթևեկության կանոնների խախտմամբ, պահանջել է կանգնեցնել ավտոմեքենան, որպեսզի ինքն իջնի: Նշված կինն ասել է, որ իր տղային առանց իրեն հարցնելու տարել և սպանել են, ինքը կորցնելու ոչինչ չունի, կարող է նրան սպանել, ուստի առանց հարցնելու իրեն տանում է Եռաբլուր, որտեղ, իր էմոցիաներից ելնելով կորոշի՝ ազատ թողնել, թե ոչ:

Հասնելով «Ծերեթելիի» խաչմերուկի մոտակայքում գտնվող սուպերմարկետի մոտ՝ օգտվելով կնոջ կողմից ավտոմեքենայի արագությունը դանդաղեցնելու հանգամանքից, ինքն արագորեն բացել է ավտոմեքենայի առջևի աջ դուռը և իրեն ընթացքի ժամանակ դուրս նետել:

Դրանից վայրկյաններ հետո, երբ կանգնած է եղել, սպիտակ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան հարվածել է իրեն: Շրջվելով նկատել է, որ նշված ավտոմեքենայի վարորդը և ուղևորները դատարանի մոտ կանգնած ծնողներն են: Ելնելով իր անվտանգությունից՝ անմիջապես մտել է սուպերմարկետի տարածք:

Առերևույթ իր կամքին հակառակ Ա. Փաշինյանին ավտոմեքենայով նշված տարածքից տեղափոխելու միջոցով առևանգելու հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա Ոստիկանությանն կողմից նշված կինը ձերբակալվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։

Հայերեն English Русский