Հասարակական

ՀՀ փաստաբանների պալատը հյուրընկալել է ՌԴ փաստաբանական համայնքի մի շարք ներկայացուցիչների

2 րոպեի ընթերցում

ՀՀ փաստաբանների պալատը հյուրընկալել է ՌԴ փաստաբանական համայնքի մի շարք ներկայացուցիչների

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի հրավերով Պալատում հյուրընկավել են Երևանում կայացած միջազգային իրավական համաժողովի մասնակից փաստաբանները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փաստաբանների պալատից, հյուրերի կազմում էին Լենինգրադի մարզի փաստաբանների պալատի նախագահ Դենիս Լակտիոնովը, Սանկտ Պետերբուրգի փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Ռուշան Չինոկաևը և Ռուսաստանի փաստաբանական համայնքի մի շարք ներկայացուցիչներ:

«Հանդիպման սկզբում հյուրերը շրջեցին ՀՀ փաստաբանների պալատի վարչական շենքում, հանդիպումներ ունեցան ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանի և Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Գևորգ Մկրտչյանի հետ:

Այնուհետև Փաստաբանների պալատի մեծ դահլիճում երկու երկրների գործընկերները քննարկեցին համատեղ գործընկերային հարաբերությունները և փաստաբանությանն առնչվող մի շարք առանցքային հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Սիմոն Բաբայանն ու Արա Զոհրաբյանը պատասխանել են հյուրերի ամենատարբեր հարցերի՝ ապահովելով փորձի փոխանակում և բովանդակային զրույց, ինչպես նաև ներկայացրել են ոլորտին առնչվող առկա մարտահրավերները և դրանց հաղթահարման նպատակով հայ փաստաբանների կողմից կիրառվող մեխանիզմները:

Հանդիպման ավարտին ռուս գործընկերները շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկում անցկացնելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում