Տարածաշրջանային

Թեհրանը հերքել է ադրբեջանցիներին հավաքագրելու մասին Բաքվի մեղադրանքները

2 րոպեի ընթերցում

Թեհրանը հերքել է ադրբեջանցիներին հավաքագրելու մասին Բաքվի մեղադրանքները

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտգործնախարարությունը հերքել է Ադրբեջանի մեղադրանքները՝ կապված ադրբեջանական տարածքում կրոնական պետություն ստեղծելու նպատակով իրանական հատուկ ծառայությունների կողմից ադրբեջանցիների հավաքագրման հետ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, նման հայտարարություն է արել Իսլամական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին։

«Ցավոք, Ադրբեջանի Հանրապետության կառավարությունը իրանական կազմակերպությունների հետ կապված կեղծ մեղադրանքներով ձերբակալում է սեփական քաղաքացիներին: Մենք հերքում ենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ այդ անձանց պաշտոնական կամ ոչ պաշտոնական կապի մասին պնդումները։ Մեր երկու պետությունների քաղաքացիների միջև կապերը պատմական, կրոնական և նույնիսկ ազգակցական բնույթ են կրում, և Ադրբեջանի կառավարությունը չպետք է ոչնչացնի դրանք», - Քանաանիի խոսքերն է մեջբերել Իրանի ԱԳՆ-ն իր Telegram ալիքում:

Քանաանին հավելել է, որ «օրինախախտներին բռնելը բոլոր կառավարությունների բնական իրավունքն է, սակայն անընդունելի է քաղաքացիների կալանավորումը՝ Իրանի հետ նրանց կապերից ելնելով»:

Ավելի վաղ Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայությունը, ՆԳՆ-ն և Գլխավոր դատախազությունը հայտնել էին, որ բացահայտվել են հանրապետության մի խումբ քաղաքացիներ, որոնք, իբր, հավաքագրվել էին Իրանի հատուկ ծառայությունների կողմից և ծրագրում էին երկրում կրոնական պետություն ստեղծել։ Հաղորդվում էր, որ կազմակերպության ղեկավարները, ենթադրաբար, կազմել են պաշտոնյաների և հասարակական գործիչների ցուցակ, որոնց հարկավոր էր սպանել, և հանձնել էին այն խմբի անդամներին՝ «նրանց հանձնարարելով ձեռք բերել հրազեն և մոլոտովի կոկտեյլներ պատրաստել»։ Գործողությունների ընթացքում ձերբակալվել էին «Գիսաս 313» («Վրեժ 313») կոչվող խմբի 7 անդամներ և այլ անձինք:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում