Հասարակական

ԵՊԲՀ-ում կայացել է նեյրոգիտության COBRAIN ծրագրի ամփոփիչ գիտաժողովը

9 րոպեի ընթերցում

ԵՊԲՀ-ում կայացել է նեյրոգիտության COBRAIN ծրագրի ամփոփիչ գիտաժողովը

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մայիսի 16-ին մասնակցել է «Քրոնիկ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների տրանսլյացիոն հետազոտություն­նե­րի կենտրոն Հայաստանում. նեյրոգիտություն՝ հանուն ուղեղի առողջ ծերացման -COBRAIN» ծրագրի ամփոփիչ գիտաժողովին: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

«COBRAIN-ը ԵՄ «Հորիզոն 2020» թվինինգ գործողության առաջին ծրագիրն է Հայաստանում, որն իրականացվել է ԵՊԲՀ համակարգմամբ: Ծրագրի հիմնական խնդիրն է ուղեղի հետազոտությունների խթանման միջոցով զարգացնել համալսարանի հետազոտական և նորարարական կարողությունները՝ շեշտը դնելով ուղեղի հիվանդությունների բուժման բջջային և դեղորայքային նյարդապաշտան մեխանիզմների վրա:

Ծրագրի ամփոփիչ գիտաժողովին մասնակցել և ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը, ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և այլք»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ԿԳՄՍ նախարար ԺաննաԱնդրեասյանը ողջունել է հյուրերին և շնորհավորել ծրագրի հաջող իրականացման առթիվ. «Բուհը երկար ճանապարհ է անցել այս կարճ ժամանակահատվածում և նշանակալի արդյունքներ գրանցել: Համատեղ ջանքերով բուհում ձևավորվել է որակյալ կրթություն ստանալու միանգամայն նոր միջավայր, որը կրթությունը, հետազոտությանը և գիտությանը փոխկապակցելու արդյունավետ գործիք է: Ստեղծված պայմանները նաև գիտությունը զարգացնելու ճանապարհ են բացել այնպիսի կարևոր ուղղությամբ, ինչպիսին ուղեղի հետազոտություններն են: Գիտության և բարձրագույն կրթության փոխկապակցումը կրթության ռազմավարության առանձնահատուկ շեշտադրումն է, և սա առաջիկա տարիների կարևոր անելիքներից է: ՀՀ բուհերն իսկապես պետք է դառնան նաև գիտահետազոտական կենտրոններ, որտեղ չկա կրթություն՝ առանց գիտության և հետազոտության»:

Ժաննա Անդրեասյանի հավաստմամբ՝ սա շրջանավարտների մրցունակության և առաջխաղացման ամենակարևոր նախապայմաններից է: Նախարարը վստահություն է հայտնել, որ ծրագիրը կարևոր է նաև Բժշկական համալսարանի միջազգայնացման և վարկանիշի բարձրացման առումով: «Միջազգային գործընկերների շրջանակը, որը զարգացել և խորացել է ծրագրի շնորհիվ, վստահ եմ՝ առաջ է տանելու բուհին միջազգայնացման ճանապարհով, ինչպես նաև բացվելու են նոր հնարավորություններ երկրի զարգացման համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ հույս հայտնելով, որ համատեղ ջանքերը նոր արդյունքներ են ապահովելու՝ ի շահ ՀՀ-ում կրթության և գիտության որակի բարելավման:

Նշվում է՝ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդգծել է, որ COBRAIN ծրագիրն իրականացվել էեվրոպական առաջատար մասնագետների և համալսարանների հետ համագործակցությամբ: «Ծրագիրը պահանջված է Հայաստանում. այն թույլ տվեց իրականացնել աշխարհի համար հասկանալի թվայնացած գիտության ձևաչափը Բժշկական համալսարանի ուսանողների, շրջանավարտների համար: Մեզ համար խիստ կարևոր է, որպեսզի եվրոպական առաջատար երկրներում պարզ և տեսանելի լինի, թե ինչով է զբաղվում Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը», - ասել է Արմեն Մուրադյանը` կարևորելով, որ ԵՊԲՀ COBRAIN կենտրոնում ապագա բժիշկները հնարավորություն ունեն կատարելու ուղեղի հետազոտություններ՝ արդիական խնդիրների ուղղությամբ: Ռեկտորը` որպես առանձնակի հաջողություն, մատնանշել է, որ ծրագրի ակունքներում կանգնած են խոշոր գիտնականներ, ԵՊԲՀ շրջանավարտներ, որոնք կարողացել են նպաստել բուհի հետագա գիտական առաջընթացին:

«Միասնական ջանքերի շնորհիվ կարողացանք երկարաժամկետ վերապատրաստումների ծրագիր իրականացնել։ Քովիդից առաջ սա եզակի նախագծերից էր, որին մենք հասցրինք մասնակցել և ներգրավվել մեծածավալ աշխատանքներում։ Շնորհավորում եմ բոլորիս, քանի որ Հայաստանը, իսկապես, ունի գիտական ուսումնասիրությունների միջազգային կենտրոն դառնալու ներուժ», - ողջույնի խոսքում նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը:

ԿԳՄՍ նախարարության տեղեկացմամբ՝ ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, COBRAIN կենտրոնի գլխավոր գիտաշխատող և ծրագրի ղեկավար Կոնստանտին Ենկոյանը հակիրճ ներկայացրել է COBRAIN ծրագրի և Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի հետազոտական արդյունքները` մասնավորապես եշտադրվելով հետազոտողների նոր սերնդի և կարիերայի հնարավորությունների ընդլայնման հեռանկարները։

Գիտաժողովի բացման արարողությունից հետո ԵՊԲՀ ռեկտորի, արտերկրի հյուրերի, դիվանագիտական կառույցների ներկայացուցիչների ուղեկցությամբ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շրջայց է կատարել կենտրոնում` ծանոթանալով վերջինիս գործունեությանը և իրականացվող աշխատանքներին:

Աղբյուրը հայտնում է, որ, սերտորեն համագործակցելով Թյուբինգենի (EKUT, Գերմանիա), Բոխումի (RUB, Գերմանիա) և Լունդի (ULUND, Շվեդիա) համալսարանների հետ, ինչպես նաև միավորելով մի շարք այլ դրամաշնորհային ծրագրերի, այդ թվում՝ Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող, ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից իրականացվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրով՝ «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն» դրամաշնորհային ծրագրի ընձեռած հնարավորությունները՝ COBRAIN ծրագիրը նպաստել է նեյրոգիտության հետազոտությունների նոր կենտրոնի հիմնադրմանը:

Կենտրոնը նշված 2 խոշոր դրամաշնորհային ծրագրի անվանակիրն է՝ COBRAIN ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն: Նոր ենթակառուցվածքի գործարկման նպատակով գործընկեր համալսարանների փորձի հիման վրա մշակվել և հաստատվել են նորաստեղծ կենտրոնի գործունեությունը կարգավորող կանոնակարգային փաստաթղթեր, ուղեցույցներ, աշխատակարգեր:

ԵՄ մրցույթին ներկայացված «Քրոնիկ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների տրանսլյացիոն հետազոտությունների կենտրոն Հայաստանում. նեյրոգիտություն՝ հանուն ուղեղի առողջ ծերացման – COBRAIN» նախագիծը միջազգային փորձագետների կողմից ստացել է հնարավոր առավելագույն միավորի 96.6%-ը:

Նախագիծը հիմք է հանդիսացել Հայաստանում «Ուղեղ» նախաձեռնության թողարկման և ուղեղի հետազոտության գերազանցության կենտրոնի համար համապատասխան աշխատակազմի ու ենթակառուցվածքի ձևավորման համար:

«Մայիսի 17-ին «Նեյրոգիտության շաբաթ» միջոցառումների շարքը կշարունակվի Հ. Բունիաթյանի հիշատակին նվիրված «Նյարդային համակարգի կենսաքիմիա» գիտաժողովով: Համատեղ ծրագրերի խթանման նպատակով նույն օրը նախատեսվում է “Networking Neurotalks” զեկուցումների շարք, որի ընթացքում նեյրոգիտության ոլորտում հետազոտություններ իրականացնող գիտական խմբերը կամ անհատները կարող են ներկայացնել իրենց աշխատանքները և հանդես գալ համագործակցության առաջարկներով:

Մայիսի 18-ին ԵՊԲՀ-ում կմեկնարկի 29-րդ ISBS միջազգային տարեկան գիտաժողովը, որն իր աշխատանքները կշարունակի մայիսի 19-ին Լ.Ա. Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտում «Հոգեֆիզիոլոգիա» թեմայով սիմպոզիումի շրջանակում:

Նեյրոգիտության շաբաթվա միջոցառումներին զուգահեռ ԵՊԲՀ Ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպել է «Ուղեղի գեղեցկությունը» խորագիրը կրող ցուցահանդեսը, որի նպատակն է ներկայացնել արվեստի ու նեյրոգիտության կապի մասին երիտասարդ հետազոտողների և ուսանողների պատկերացումները»,- հայտնում են ԵՊԲՀ-ից:

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Կրթություն

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Կրթություն

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

Կրթություն

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

Կրթություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում