Հասարակական

Թմրամիջոցների անօրինական շրջանառությամբ զբաղվող խմբում գործել են նաև օտարերկրացիներ․ քրեական ոստիկանության բացահայտումը

2 րոպեի ընթերցում

Թմրամիջոցների անօրինական շրջանառությամբ զբաղվող խմբում գործել են նաև օտարերկրացիներ․ քրեական ոստիկանության բացահայտումը

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ Երևանի 31-ամյա մի բնակիչ ձեռք է բերում առանձնապես խոշոր չափերի տարատեսակ թմրամիջոցներ և դրանք մաս-մաս իրացնում Երևանում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, օպերատիվ տեղեկության իրացումը սկսվել է մայիսի 5-ին, երբ արդեն պարզվել է, թե ումից է 31-ամյա տղամարդը ձեռք բերում թմրանյութը: Ժամը 19.30-ին նա ձերբակալվել է Երևանի Վաղարշյան-Ավետիսյան փողոցների խաչմերուկում և, իր վարած մեքենայով հանդերձ, տեղափոխվել ոստիկանության Արաբկիրի բաժին:

«Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, իսկ մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվեց 10 գրամ մեթամֆետամին:

Հետագա միջոցառումներն իրականացվեցին Արաբկիրի ոստիկանների հետ: Հիմնավորվեց, որ 31-ամյա երևանցին թմրանյութը ձեռք է բերում Երևանում բնակվող 29-ամյա մի օտարերկրացուց, որն էլ իր հերթին այն ձեռք է բերում Երևանում բնակվող 39-ամյա համերկրացուց:

Մայիսի 8-ին, ժամը 19.30-ին, նրանք ձերբակալվեցին Կասյան փողոցում և, 39-ամյա օտարերկրացու վարած մեքենայով հանդերձ, տեղափոխվեցին Արաբկիրի բաժին:

Անձնական խուզարկությամբ ուղևորի մոտ հայտնաբերվեցին ընդհանուր 9 գրամ քաշով ութ փաթեթ մեթամֆետամին և պլաստիկ տարայով մարիխուանա: Մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվեց հոգեմետ 10 դեղահաբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ խուզարկություն է եղել նաև նրանց բնակարաններում: 39-ամյա տղամարդու տնից հայտնաբերվել է մոտ 16 գրամ մեթամֆետամին, նույնքան ափիոն և թմրամիջոց օգտագործելու գլանակներ:

«Երկուսն էլ կալանավորվել և տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում