Հասարակական

ԶՈՒ ինժեներական զորքերի վարչությունը պահեստամասերը ձեռք է բերել շուկայականից բարձր գնով. նախաձեռնվել է քրեական վարույթ

2 րոպեի ընթերցում

ԶՈՒ ինժեներական զորքերի վարչությունը պահեստամասերը ձեռք է բերել շուկայականից բարձր գնով. նախաձեռնվել է քրեական վարույթ

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից 2023 թվականի առաջին եռամսյակում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ինժեներական-ճանապարհաշինարարական 45 միավոր տեխնիկայի պահեստամասերը ԶՈՒ ինժեներական զորքերի վարչությունը ձեռք է բերել առերևույթ ուռճացված գներով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազությունից, պահեստամասերի գները համեմատվել են հայաստանյան շուկայում, ինչպես նաև ԵԱՏՄ երկրներում գործող կազմակերպությունների կողմից առաջարկվող գների հետ։

«Շուրջ 700 ինժեներական-ճանապարհաշինարարական տեխնիկաների պահեստամասերից առանձնացվել է 45-ը, որոնց գնային արժեքն էականորեն բարձր է եղել շուկայում նույն ապրանքատեսակների համար առաջարկվող գներից։

45 պահեստամասերից 18-ը գնվել են 8 մլն 981 հազար 896 դրամով թանկ, իսկ 27 անվանում պահեստամասերը գնվել են 73 մլն 949 հազար 800 դրամով թանկ։

Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ պարզված հանգամանքներն առերևույթ պարունակում են Քրեական օրենսգրքով նախատեսված արարքի հատկանիշներ՝ ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են Քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ 2023 թվականի ապրիլի 20-ին ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական անփութություն, որն առաջացրել է առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս):

Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում