ԵՄ առաքելությունը իր գնահատականը տվել է և ուղարկել Բրյուսել. ԵՄ դեսպանը՝ Սոթքի դեպքերի մասին
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեև ԵՄ քաղաքացիական առաքելությունը Սոթքի ուղղությամբ Ադրբեջանի վերջին ագրեսիայի ժամանակ հենց տեղում չի եղել, սակայն ավելի ուշ դիտորդները գնացել են այնտեղ, գնահատականներ տվել ու ուղարկել ուղիղ Բրյուսել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը Եվրոպայի օրվան և Եվրոպական միություն-Հայաստան հարաբերություններին նվիրված մամուլի ասուլիսում՝ անդրադառնալով հարցին, թե կա արդյոք հաշվետվություն ԵՄ առաքելությունից ադրբեջանական վերջին ագրեսիայի վերաբերյալ:
Դեսպանը նշեց, որ առաքելությունը զեկույցները չի տրամադրում ոչ Հայաստանին, ոչ էլ Ադրբեջանին:
«Սակայն, քանի որ առաքելությանն ուղղորդում են ՀՀ ՊՆ սպաներ, հայկական կողմը լավատեղյակ է, թե ինչ են նրանք (դիտորդները) տեսնում: Բնական է, որ նրանք չեն կարող լինել ամենուր։ Ուստի, նրանք կարող են միայն դիտորդություն իրականացնել և այնուհետև զեկուցել Բրյուսել»,-ասաց Վիկտորինը՝ հավելելով, որ դիտորդները չեն կարող զեկուցել այն, ինչ չեն տեսել։
Իսկ ինչ վերաբերում է Սոթքի իրադարձություններին՝ դեսպանն ասաց, որ ԵՄ դիտորդները ներկա չեն եղելվերջին ներխուժման և բախումների ժամանակ:
«Սահմանը բավականին երկար է, և գոյություն ունի պարեկության գրաֆիկ։ Միաժամանակ, նպատակն այն չէ, որ նրանք պետք է ներկա լինեն, երբ տեղի են ունենում պատահարներ։ Նրանք դիտորդություն են իրականացնում սահմանի երկայնքով և տեսնում են այն, ինչ տեղի է ունենում սահմանի շուրջ, բայց դա չի նշանակում, նրանք ավտոմատ կարող են լինել հենց այն վայրում, որտեղ տվյալ պահին ինչ-որ բան է տեղի է ունենում», - հավելեց նա։
Անդրադառնալով հարցին՝ չպե՞տք է դիտորդները գնային այնտեղ, որտեղ էսկալացիա է տեղի ունեցել՝ Վիկտորինն ասաց, որ նրանք ավելի ուշ՝ դեպքերից հետո այդ հնարավորությունը ստացել են: Դեսպանը նաև հավելեց, որ հայկական կողմն է պատասխանատու դիտորդների անվտանգության ապահովման համար:
«Նրանք գնացել են, իրենց գնահատականը տվել և ուղարկել ուղիղ Բրյուսել»,-նշեց դեսպանը:
Մայիսի 12-ի Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ էին բացել Սոթքի և Կութի հատվածներում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով ականանետ և ԱԹՍ-ներ։ Հակառակորդի կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ: