«Նոր գիրք»-18/23. Իշխանյան, Քրիստի, Ալազան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2023 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների չորս ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն

Վահան Իշխանյան, «Դառը ծով»

Այս գիրքը մեկ այլ գրքի շնորհանդեսի սրճարանից ճամփորդության է տանում ժամանակի ու տարածության միջով, հանդիպեցնում հարյուրավոր կերպարների՝ պատերազմող Չեչնիայից մինչեւ խորհրդային հերթերով ապրող Մոսկվա ու Հնդկաստանի ձրի Գոկառնա, Կաունասի թանգարանի սատանաներից մինչեւ միասեռական հարսանիք Երեւանում, Մոնրեալի՝ սփյուռքահայերի սիրած սուպերմարկետ «Կոսկո»-ից մինչև Երեւանի «ՍԱՍ» սուպերմարկետ, ԿԳԲ-ական հարցաքննություններից մինչև անկախ Հայաստանի ԱԱԾ խուզարկումներ, Հայոց ցեղասպանությունից մինչեւ դուբլինյան իրավապաշտպան կոնֆերանս, խորհրդային պիոներական ճամբարներից մինչեւ գերմանական համակենտրոնացման ճամբարներ, մազերին մկրատ չդիպած իրինդցի տատիկից մինչեւ հինդուիստական ծեսով պսակվող, առաջին արցախյանի մասնակից ռեժիսոր, սփյուռքահայ ուսանողների հանրակացարանից մինչեւ Բաքվից փախստականների հանրակացարան... Ի՞նչ կախարդական գորգով է հնարավոր նման աշխարհագրություն։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը:

Թարգմանական գրականություն

Ագաթա Քրիստի, «Թունավոր գրիչով ձեռքը»

«Լավ օդ, հանգիստ կյանք, ոչ մի գործ. սա՛ է Ձեր դեղատոմսը». բժշկի այս խորհրդին հետևելով՝ վնասվածքից կազդուրվող օդաչու Ջերի Բարթոնն ու նրա քույր Ջոաննան որոշում են տեղափոխվել Լիմսթոք: Դա աշխարհից կտրված մի խաղաղ գյուղաքաղաք էր, որտեղ երբեք ոչինչ չէր կատարվում, ու որտեղ նրանք ոչ մի ծանոթ չունեին: Հանդարտ և խաղաղ առօրյայով ապրելու փոխարեն նրանք հայտնվում են իրադարձությունների կիզակետում՝ անանուն, չարամիտ նամակներ, ինքնասպանություն, սպանություն…Անվնաս ու բարի թվացող գյուղաբնակներից յուրաքանչյուրը պոտենցիալ հանցագործ է: Միայն միսս Մարփլի խորաթափանց ու մարդկային բնույթը լավ ճանաչող միտքը կկարողանա պարզել իրականությունը: Թարգմանությունը՝ Էլիզա Սարգսյանի։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:

Փաստավավերագրական գրականություն

Վահրամ Ալազան, «Տառապանքի ուղիներում: Հուշագրություն»

Վահրամ Ալազանի «Տառապանքի ուղիներում» հուշագրությունը ստալինյան բռնությունների լավագույն վկայագրություններից է: Գրքում նկարագրված է ժամանակի դաժան մթնոլորտը, հատկապես մշակույթի ասպարեզում, հայ ժողովրդի արժանավոր զավակների ծանր ճակատագիրը: 1930-40- ական թթ. բանտային ռեժիմի մասին եղած փաստագրական առատ նյութը գրքին հաղորդում է ճանաչողական մեծ արժեք: Հրատարակության պատրաստեց Արքմենիկ Նիկողոսյանը։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին