Քաղաքականություն

Դա ոչ թե փոխհրաձգություն էր, այլ Ադրբեջանի կողմից հերթական հարձակումը Հայաստանի վրա․ Մարուքյանի արձագանքը՝ Վեդանտ Պատելի հայտարարությանը

2 րոպեի ընթերցում

Դա ոչ թե փոխհրաձգություն էր, այլ Ադրբեջանի կողմից հերթական հարձակումը Հայաստանի վրա․ Մարուքյանի արձագանքը՝ Վեդանտ Պատելի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելի հայտարարությանը, որը Սոթքի հատվածում Ադրբեջանի ագրեսիան բնութագրել է որպես փոխհրաձգություն։

Մարուքյանը նշել է, որ Հայաստանի Սոթք գյուղի մերձակայքում մայիսի 11-ին տեղի ունեցած բախումները փոխհրաձգություն չէին, այլ Ադրբեջանի կողմից հերթական հարձակումը Հայաստանի դեմ:

Լրագրողների հետ ճեպազրույցում Պատելը նշել էր, որ նման բախումները խաթարում են այն առաջընթացը, որին Հայաստանը և Ադրբեջանը հասել են տևական և արժանապատիվ խաղաղություն ձեռք բերելու ուղղությամբ: Նա նաև կոչ էր արել կողմերին սահմանի երկայնքով հետ քաշել իրենց ուժերը: Իր ճեպազրույցի տեսանյութին կից գրառման մեջ Վեդանտ Պատելը Սոթքի մոտ տեղի ունեցած հարձակումը բնութագրել էր որպես փոխհրաձգություն:

«Նախ, դա փոխհրաձգություն չէր, այլ ադրբեջանական բանակի կողմից հերթական չհրահրված հարձակումը, որը հայտնի է ԻՊ-ի ոճով մարտական վարքագծով։ Հայկական բանակը ձեռնարկել է անհրաժեշտ քայլերը՝ պաշտպանելու մեր ինքնիշխան տարածքը: Երկրորդ՝ մեր պահանջն է, որ Ադրբեջանը դուրս բերի իր օկուպացիոն ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից և վերադառնա միջազգայնորեն ճանաչված սահմաններին, այսինքն՝ այն վարչական սահմաններին, որոնք գոյություն ունեին երկու երկրների միջև ԽՍՀՄ-ից անկախանալու ժամանակ։ Երրորդ՝ 2022 թվականին Պրահայում և Սոչիում Ադրբեջանը պարտավորվել է զերծ մնալ ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից», -«Արմենպրես»-ի փոխանցմամբ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Մարուքյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում