Հասարակական

Համակարգային կոռուպցիայի ողնաշարը կոտրված է. ներկայացվել է Հակակոռուպցիոն ռազմավարության տարեկան կատարման զեկույցը

7 րոպեի ընթերցում

Համակարգային կոռուպցիայի ողնաշարը կոտրված է. ներկայացվել է Հակակոռուպցիոն ռազմավարության տարեկան կատարման զեկույցը

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում համակարգային կոռուպցիայի ողնաշարը կոտրված է։ Նման կարծիք հայտնել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ (ՀԱԳՄ), Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ Արսեն Ղազարյանը՝ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության ու դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների 2022 թվականի տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման զեկույցի շնորհանդեսի բացմանը։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀԱԳՄ-ից ։

«Առաջին հայացքից թվում է, թե գործարարությունն ու կոռուպցիայի դեմ պայքարը չհամընկնող են, բայց, եթե վերցնենք իրավաբանական լեզվով՝ որպես պայմանագրի կողմեր, մենք առաջին շահառուն ենք, որպեսզի Հայաստանում կոռուպցիայի մակարդակը լինի շատ ցածր, որ վարվող քաղաքականությունը և վերջինիս կիրառումն ունենան լուրջ արդյունքներ»,- նշել է նա։ Այդ առումով Ղազարյանը կարևորել է, որ ՀԱԳՄ-Ն և մի շարք հասարակական կազմակերպություններ հանդիսանում են Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ, որտեղ այդ քաղաքականության մշակումն անցնում է բավական թեժ մասնագիտական քննարկումներով։ «Շատ կարևոր է, որպեսզի հանրությունը և քաղհասարակությունը ռեալ մասնակցություն ունենան թե դրա մշակմանը, թե մշտադիտարկմանը, թե այլընտրանքային գնահատականին։ Վերջին հաշվով՝ այսօրվա մեր տնտեսական որոշակի հաջողությունների առաջնային հիմքը երկրում համակարգային կոռուպցիայի արմատական նվազումն է»,- ասաց Արսեն Ղազարյանը՝ փաստելով, որ համակարգային կոռուպցիայի ողնաշարը կոտրված է։

Նրա խոսքով՝ ներկայումս ունենք ավելի թափանցիկ, մրցակցային տնտեսություն, և ՀՆԱ-ի աճի տոկոսների մեջ ոչ միայն մեծ դեր են խաղում ներկրված աշխատուժն ու կապիտալը, այլև իրական տնտեսական աճը, որը գալիս է հավասար մրցակցության այսօր ավելի բարձր մակարդակից։ Ըստ Արսեն Ղազարյանի՝ եթե չլինի հավասարություն, օրինականություն, չինովնիկների կամայականությունների սահմանափակում, ապա հասարակությունը կդառնա տոտալիտար, բևեռացված։ «Այս իմաստով ենք մենք ակտիվ մասնակցում թե խորհրդի աշխատանքներին, թե այս հարթակի ձևավորմանը, որովհետև, որպես գործարարություն, իրական շահառու ենք»,- ասել է ՀԱԳՄ նախագահը։

Ըստ աղբյուրի՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի խոսքով՝ կառավարության համար կոռոպցիայի դեմ պայքարը որպես գերակա ուղղություն սահմանված է և հետապնդվում է արդեն տարիներ շարունակ։ Այս գերակայությունն իր իրավական արտացոլումը գտել է ոչ միայն կառավարության ծրագրի մեջ, այլ նաև կոռուպցիայի դեմ պայքարի ռամավարության 2019-22 թթ, ինչպես նաև ներկայումս մշակվող 2023-26 թթ ժամանակահատվածի համար գործողությունների պլաններում։ «Սահմանված նպատակներին հասնելու համար իր ուրույն և կարևորագույն դերն ունի պետության և հասարակական հատվածի հետ համագործակցությունը։ Այս ենթատեքստում հատուկ կարևորություն է տրվում նշված գործողությունների պլանի այլընտրանքային մշտադիտարկմանը և զեկույցների պատրաստմանը, որը մեր գործընկերները շատ արդյունավետ իրականացնում են»,- նշել է փոխնախարարը։

Նշվում է, որ «Իրավունքի Եվրոպա» միավորման նախագահ Լուսինե Հակոբյանը ներկայացրել է՝ իր ղեկավարած հասարակական կազմակերպությունը տարիներ շարունակ մշտադիտարկել է հակակոռուպցիոն ոլորտի բարեփախումները՝ մասնավորապես կենտրոնանալով պետական կառավարման ու դատական համակարգերում պաշտոնների զբաղեցման վրա՝ ջատագովելով այդ գործընթացում մրցութային ու թափանցիկ ընթացակարգը, ինչը թույլ կտա բացառել հովանավորչությունը և այլ կոռուպցիոն դրսևորումները։ «Հակակոռոպցիոն պայքարը ոչ միայն կաշառքի դեմ պայքարն է, հակակոռուպցիոն կրթությունը և այլն, այլև հենց այսպիսի օղակներում կոնկրետ պաշտոնների թափանցիկ ու մրցութային կարգով զբաղեցման հանրային վերահսկողությունը։ Ուրախ եմ, որ մենք այս փուլում ակտիվորեն ներգրավված ենք հակակոռուպցիոն ռազմավարության մշակման գործին, և մեծ հույսեր եմ տածում, որ սա ուղղակի չի լինի հերթական հակակոռուպցիոն ռազմավարությունը, որպիսին մենք ունեցել ենք 2000-ականներից սկսած, այլ իրականում մեզ կհաջողվի դրանում արձանագրել բոլոր գործողությունները և ըստ էության կատարել ու հասցնել ավարտին»,- ընդգծել է բանախոսը։

Շնորհանդեսի շրջանակներում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը, Իրավաբանների հայկական ասոցիացիան և «Իրավունքի Եվրոպա» միավորումը ստորագրել են Հակակոռուպցիոն 5-րդ ռազմավարության մշակման, դրա իրազեկման և մշտադիտարկման նպատակով հավաքական ջանքերի համախմբման վերաբերյալ համաձայնագիր։

«Հավատում եմ, որ այս կոալիցիոն հարթակով կկարողանանք մեր մշտական այլընտրանքային դիտարկումն իրականացնել, բացահայտել կոռուպցիայի դեմ կատարվող գործողությունների թերություններն ու ձգտել ավելի կատարյալ արդյունքների»,- նշել է ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը։

Ըստ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ Կարեն Զադոյանի՝ Համաձայնագրի մեջ շատ կարևոր դրույթներ կան, որով ստորագրող կողմերն աջակցելու են ոլորտային քաղաքականություն մշակող մարմնին՝ ՀՀ արդարադատության նախարարությանը, ցուցաբերվելու է փորձագիտական աջակցություն։ Նրա խոսքով՝ գործունեությունը ծավալվելու է կառուցողական երկխոսության հիմունքներով, տրվելու են գնահատականներ, իրականացվելու է արդյունքների մշտադիտարկում՝ նպատակ հետապնդելով, որպեսզի քաղաքականության մշակումը, գնահատումը, իրազեկումը, ավելի արդյունավետ բնույթ կրեն։

ՀԱԳՄ-ից հայտնում են, որ իր խոսքում հակակոռուպցիոն կոալիցիայի ստեղծման նախաձեռնությունը ողջունելի է որակել Արևելյանգործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Հովսեփ Խուրշուդյանը՝ հույս հայտնելով, որ այն կոռուպցիայի հաղթահարման առումով էապես օգնելու է մեծ խնդիրների առջև կանգնած Հայաստանին։ «Հաճախ քաղհասարակության ձայնը լսելի չի լինում, և հույս ունեմ, որ կոալիցիայի ստեղծումով այն ավելի լսելի կդառնա»,- նկատել է նա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում