ԵՄ-ն Վրաստանին կոչ է արել միանալ ռուսական ավիասեկտորի դեմ պատժամիջոցներին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը կոչ է անում Վրաստանին` որպես ԵՄ-ի անդամակցության թեկնածուի հավակնորդ, հետևել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին՝ կապված դեպի Ռուսաստանի Դաշնություն և հակառակ ուղղությամբ թռիչքների արգելքի հետ: Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ նման հայտարարություն է արել ԵՄ Արտաքին գործերի ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «РИА Новости» գործակալությունից:
«Մենք, իհարկե, ի գիտություն ենք ընդունել Ռուսաստանի իշխանությունների որոշումը Վրաստանի հետ ավիաթռիչքների արգելքը հանելու վերաբերյալ: Այս համատեքստում ցանկանում ենք հիշեցնել, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի անօրինական ագրեսիայի առնչությամբ ԵՄ-ն և մի շարք միջազգային գործընկերներ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի ավիացիոն հատվածի դեմ: Եվ մենք թույլ չենք տալիս թռիչքները Ռուսաստանից, դեպի Ռուսաստան և նրա տարածքով: ԵՄ-ն կոչ է անում Վրաստանին, որը ցանկանում է դառնալ ԵՄ-ի թեկնածու, միանալ այդ պատժամիջոցներին, այդ թվում՝ ավիացիոն բնագավառում, և ուշադիր լինել գործող պատժամիջոցները շրջանցելու հարցում», - ասել է նա։
Նա նաև կոչ է արել Թբիլիսիին «թույլ չտալ ոչ անվտանգ ռուսական ինքնաթիռներն իր տարածք»:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 15-ից չեղարկել է Վրաստանի հետ այցագրային ռեժիմը, ինչպես նաև վերացրել է ռուսական ավիաընկերությունների համար Վրաստան ուղիղ չվերթների արգելքը։