Հասարակական

Հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով դիակը գցել էին ջրափոսը․ ոստիկանները բացահայտել են սպանությունը

2 րոպեի ընթերցում

Հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով դիակը գցել էին ջրափոսը․ ոստիկանները բացահայտել են սպանությունը

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողին մայիսի 5-ին, ժամը 09.00-ի սահմաններում, զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Գյումրու Իսահակյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում դիակ կա:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, նշված վայր մեկնած օպերատիվ խումբը ջրափոսում հայտնաբերել է նույն փողոցի 54-ամյա բնակիչ Աշոտ Ավագյանի դիակը՝ բերանքսիվայր ընկած, դեմքի վնասվածքով:

«Շիրակի մարզային քննչական վարչությունում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Շիրակի մարզային վարչության, Մուշի և Կումայրիի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մայիսի 4-ին նախկինում դատված գյումրեցի 44-ամյա տղամարդը Գոգոլի փողոցի իր տանը ոգելից խմիչքի ազդեցության տակ ոտքերով ու ձեռքերով հարվածներ է հասցրել Աշոտ Ավագյանին, ինչի հետևանքով նա մահացել է: Այնուհետև հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով 46-ամյա համաքաղաքացու հետ դիակը տեղափոխել և գցել են ջրափոսը: 44-ամյա և 46-ամյա տղամարդիկ կալանավորվել են»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ քրեական վարույթը շարունակվում է Շիրակի մարզային քննչական վարչությունում:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում