Տարածաշրջանային

ԱՄՆ կոնգրեսականները ցանկանում են պատժամիջոցներ սահմանել Իրանի ԱԹՍ-ների և հրթիռների արտադրության ծրագրերի դեմ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ կոնգրեսականները ցանկանում են պատժամիջոցներ սահմանել Իրանի ԱԹՍ-ների և հրթիռների արտադրության ծրագրերի դեմ

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, հանրապետական Մայքլ Մաքքոլը և երկու կուսակցություններից մի քանի այլ կոնգրեսականներ մայիսի 9-ին ներկայացրել են օրինագիծ, որն ԱՄՆ վարչակազմին պարտավորեցնում է պատժամիջոցներ սահմանել նրանց դեմ, ովքեր օժանդակում են Իրանի անօդաչու թռչող սարքերի և հրթիռների մշակման և արտադրության ծրագրերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին մամուլի հաղորդագրություն է տարածել Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը:

«Նույնիսկ ՄԱԿ-ի գործող պատժամիջոցների պայմաններում Իրանի հրթիռները և ԱԹՍ-ները թիրախավորում են ամերիկյան զորքերին, դաշնակիցներին և գործընկերներին Մերձավոր Արևելքում», - նշված է հայտարարության տեքստում:

Նախաձեռնության համաձայն՝ իրանական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի մատակարարումներին, վաճառքին կամ փոխանցմանը մասնակցողների դեմ կսահմանվեն վիզային պատժամիջոցներ, ԱՄՆ-ում նրանց ակտիվները կսառեցվեն։ Բացի դրանից, սահմանափակումներ են մտցվում նրանց դեմ, ովքեր Թեհրանին են հանձնում հրթիռների և ԱԹՍ-ների մշակման և արտադրության համար անհրաժեշտ սարքավորանքներ, Իրանի հետ համատեղ մասնակցում են համապատասխան ծրագրերին, ինչպես նաև զբաղվում են իրանական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արտահանմամբ և ներմուծմամբ։ Սահմանափակումներ են նախատեսվում նաև համապատասխան սև ցուցակում հայտնվող անձանց ընտանիքի անդամների դեմ:

Օրինագիծը պետք է քննարկի Մաքքոլի հանձնաժողովը, ինչից հետո փաստաթղթի շուրջ պետք է քվեարկի Ներկայացուցիչների պալատը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում