ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2023 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների չորս ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:
Հայ գրականություն
Հայկ Համբարձումյան, «Ոչ մի շաբաթ առանց Տերյանի»
Հայտնի ու չբացահայտված դրվագներ, սիրված ու անհայտ բանաստեղծություններ, հոդվածներ, օրագրային գրառումներ, բացառիկ լուսանկարներ, որոնց միջոցով նորովի կբացահայտեք ամենասիրելի պոետներից մեկին՝ Վահան Տերյանին։
Բանաստեղծի կյանքն ու ստեղծագործությունները գրքում ներկայացված են տարվա շաբաթներին համապատասխան 52 անդրադարձ-դրվագներով, որոնք կօգնեն ձեզ զգալու ու խորհելու Տերյանի հետ՝ յուրաքանչյուր օր ու շաբաթ։ Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը:
Թարգմանական գրականություն
Յուկիո Միշիմա, «Ոսկե տաճարը»
«Ոսկե տաճարը» (1956) ճապոնացի ականավոր գրող Յուկիո Միշիմայի (1925-1970) ամենանշանակալից երկերից է, ճապոնական գրականության գլուխգործոցներից մեկը և ըստ արժանվույն ամենահայտնի ճապոնական վեպի համբավն ունի աշխարհում։ Գրքի հենքն իրական պատմություն է. 1950-ի հուլիսի 2-ին հանրությանը ցնցում է Կիոտոյի նշանավոր Ոսկե տաճարի հրկիզման լուրը։
Հրկիզողը տաճարի գեղեցկությամբ տարված Միձոգուչին է՝ ի ծնե կակազ, մերժված մի պատանի տաճարական, որի զգացմունքներն առձեռակերտ արժեքը հիացական են, մոլեգին, տանջալի։ Հակասական ապրումներով ու մտորումներով համակված՝ նա որոշում է կործանել իր և կյանքի միջև կանգնած գեղեցկագույն կառույցը։ Եվ այս ամենը առատորեն շաղախված է Ճապոնիայի պատմության, ճարտարապետության, կրոնի, արվեստի և բազմահարուստ մշակույթի այլ տարրերի նկարագրությամբ։ Թարգմանությունը ճապոներենից՝ Լիլիթ Խանսուլյանի: Խմբագիր՝ Զավեն Բոյաջյան:
Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:
Մանկապատանեկան գրականություն
Նարինե Աբգարյան, «Մանյունյան, Տայի հոբելյանն ու այլ տագնապներ»
Ահա նոր եւ, հեղինակի խոսքով, հաստատ վերջին գիրքը՝ Մանյունյայի, Նառայի և փոքրիկ Բերդի մյուս հրաշալի բնակիչների արկածների մասին։ Շտապե՛ք տեսնել։ Եվ կարդալ։ Մանյունյայի ու նրա ընկերուհի Նառայի կյանքում ամպի չափ հոգս կա. պիտի հասցնեն չարաճճիություններ անել ու բոլորի կյանքն ուտել։ Առանց դրա ի՞նչ մանկություն։ Միայն թե Մանյունյան իսկական փոթորիկ է։ Ինչ սկսեն ընկերուհիները, կվերածի հերթական ցունամիի։ Անընդհատ շիլաշփոթի մեջ հայտնվող հարազատների ու Տայի անսովոր կոլորիտն էլ չի թողնի ձանձրույթից հորանջել։ Թարգմանիչ՝ Նարինե Գիժլարյան։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը:
Փաստավավերագրական գրականություն
Օգ Մանդինո, «Աշխարհի մեծագույն վաճառականը․Պատմության ավարտը»
«Աշխարհի մեծագույն վաճառականը» գիրքը համարվում է վաճառքի իրական ուղեցույց: Այն մեծ ճանաչում բերեց Օգ Մանդինոյին՝ որպես հիանալի վաճառող՝ ամբողջովին փոխելով նրա ճակատագիրը, կարիերան և միլիոնավոր ընթերցողների կյանքը: Սա բոլոր ժամանակների մոտիվացնող և ոգեշնչող գրքերից մեկն է: Այն Մանդինոյի համանուն բեսթսելերի շարունակությունն է, որում նա բացահայտում է դժբախտությունները հաղթահարելու, ինքնավստահություն ձեռք բերելու և բարեկեցության հասնելու գաղտնիքները: Գլխավոր հերոսը, ինչպես և հեղինակը, արդեն քսան տարով մեծացել են: Ինչի՞ է հասել, ինչպե՞ս է փոխվել, ի՞նչ անակնկալներ է մատուցել կյանքը հերոսին. այս հարցերի պատասխանները կգտնեք՝ ընթերցելով գիրքը: Թարգմանությունը՝ Կարինե Պողոսյանի։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:
«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը