Մշակույթ

ՀՀ ԿԳՄՍ և ՌԴ մշակույթի փոխնախարարներն անդրադարձել են կայանալիք Մշակույթի բնագավառում հայ-ռուսական կրթական համաժողովին

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԳՄՍ և ՌԴ մշակույթի փոխնախարարներն անդրադարձել են կայանալիք Մշակույթի բնագավառում հայ-ռուսական կրթական համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ընդունել է «Մշակույթի բնագավառում հայ-ռուսական կրթական» համաժողովի շրջանակում Երևանում գտնվող ՌԴ մշակույթի նախարարի տեղակալ Վլադիմիր Օսինցևի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, Արա Խզմալյանը ողջունել է հյուրերին և գոհունակությամբ անդրադարձել 2022 թվականին մշակույթի ոլորտում հայ-ռուսական համագործակցության հագեցած օրակարգին՝ ընդգծելով գործուն փոխայցելությունները՝ նվագախմբերի, երաժշտական կոլեկտիվների, թատերախմբերի մասնակցությամբ:

Ըստ աղբյուրի՝ ՌԴ մշակույթի նախարարի տեղակալ Վլադիմիր Օսինցևը նույնպես անդրադարձել է հայ- ռուսական մշակութային համագործակցության ակտիվությանը և հույս հայտնել, որ այն առավել կխորանա և կլինի շարունակական:

«Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են նաև ապրիլի 28-ին՝ Արամ Խաչատրյան տուն-թանգարանում «Մշակույթի բնագավառում հայ-ռուսական կրթական» համաժողովի անցկացման կարևորությանը, որի շրջանակում նախատեսվում է քննարկել մշակույթի ոլորտում համագործակցության ընդլայնման, կրթական միջավայրի բարելավման, կադրերի վերապատրաստման, բուհերի աշխատանքում տեխնոլոգիաների ու նորարարությունների ներդրմանն առնչվող հարցեր:

Համաժողովի շրջանակում ռուսաստանյան ստեղծագործական բուհերի ներկայացուցիչները վարպետության դասեր կանցկացնեն երևանյան բուհերում: Միջոցառումները կամփոփվեն «Մոսկվա» կինոթատրոնում Ռուսական կինոյի օրերի բացման արարողությամբ և ռուսական վարձույթի ռեկորդակիր դարձած «Չեբուրաշկա» ֆիլմի ցուցադրությամբ։ Ռուսական կինոյի օրեր կանցկացվեն Երևանում և Գյումրիում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում գործընկերները քննարկել են նաև մշակույթի ոլորտում հայ- ռուսական համագործակցության հնարավոր նախագծերը՝ կինեմատոգրաֆիայի, երաժշտարվեստի, պարարվեստի, թատերարվեստի և այլ ոլորտներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում