Տարածաշրջանային

Եվրամիությունում ընդունել են Վրաստանի հաջողությունները բարեփոխումների անցկացման գործում

3 րոպեի ընթերցում

Եվրամիությունում ընդունել են Վրաստանի հաջողությունները բարեփոխումների անցկացման գործում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանը զգալի առաջընթաց է գրանցել բազմաթիվ առանցքային բարեփոխումների հարցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Լյուքսեմբուրգում նախարարական հանդիպումից հետո Եվրոպական Միության խորհրդի կայքում հրապարակված հաղորդագրությունում:

Խորհրդի տեղեկատվության համաձայն՝ ԵՄ-ի երկրների արտգործնախարարները ճաշի սեղանի շուրջ ոչ պաշտոնական զրույց են ունեցել Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Իլյա Դարչիաշվիլիի հետ՝ «հատուկ ուշադրություն հատկացնելով Վրաստանի եվրոպական հեռանկարին և նրա ժողովրդավարության ամրապնդման անհրաժեշտությանը»։

«Քննարկումը հաստատեց, որ Վրաստանը զգալի առաջընթաց է գրանցել բազմաթիվ առանցքային բարեփոխումների հարցում և ընդգծեց, որ օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները, լրատվամիջոցները, քաղաքացիական հասարակությունը և անկախ պետական ​​ինստիտուտները կարևոր տարրեր են ԵՄ-ին միանալու ձգտող յուրաքանչյուր երկրի համար», - նշվում է հաղորդագրության մեջ:

Եվրամիության խորհուրդը 2022 թ.-ի հունիսին ճանաչել է Վրաստանի եվրոպական հեռանկարը և պատրաստակամություն հայտնել այդ երկրին ԵՄ-ին անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրել, հենց կատարվեն 12 պայմանները։ Այդ պայմանների թվում են բևեռացման վերացումը, ապաօլիգարխացումը, մեդիամիջավայրի բարելավումը, դատական ​​համակարգի լիակատար անկախության ապահովումը և այլն։ Նույն օրը որոշում է ընդունվել Ուկրաինային և Մոլդովային թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։

Աշնանը կհրապարակվի Եվրահանձնաժողովի գնահատման հաշվետվությունը, որի հիման վրա 2023 թ.-ի վերջին Եվրոպական Միության խորհուրդը կքննարկի Վրաստանին թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրելու հարցը։ Վրաստանը Եվրահանձնաժողովի միջանկյալ գնահատականին սպասում է ամռանը, իսկ թեկնածուի կարգավիճակ տալու վերաբերյալ վերջնական որոշմանը՝ տարվա վերջին։

Sputnik գործակալության վրացական ծառայությունը հիշեցնում է, որ ավելի վաղ Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրելուց ԵՄ-ի հրաժարվելը Թբիլիսիում որակել էին որպես քաղաքական որոշում՝ հայտարարելով, որ Վրաստանը կատարել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի պահանջների մեծ մասը և ավելի մեծ առաջընթաց է գրանցել, քան Ուկրաինան և Մոլդովան։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում