Տարածաշրջանային

Վրաստանն ու Ադրբեջանը պաշտպանական ոլորտում համագործակցության շուրջ համաձայնագիր են ստորագրել

2 րոպեի ընթերցում

Վրաստանն ու Ադրբեջանը պաշտպանական ոլորտում համագործակցության շուրջ համաձայնագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են հետագա համագործակցության հեռանկարները և տարածաշրջանային անվտանգության հարցերը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից:

Հանդիպմանը կողմերն ընդգծել են երկրների միջև հարաբերությունների հաջող զարգացումը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ռազմական ոլորտում։

Բացի Ալիևից, Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն հանդիպել է նաև Ադրբեջանի իր գործընկեր Զաքիր Հասանովի հետ: Կողմերը ստորագրել են թարմացված միջկառավարական համաձայնագիր պաշտպանության ոլորտում համագործակցության շուրջ։ Այս մասին հաղորդել է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունները կշարունակեն համագործակցությունը: Պաշտպանության ոլորտում Վրաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև թարմացված համաձայնագիրը ձևակերպվել է Վրաստանի պաշտպանության նախարարի` Ադրբեջան կատարած այցի շրջանակներում», - մեջբերում է ТАСС-ը հաղորդագրությունից:

Բաքվում կայացած հանդիպմանը Բուրչուլաձեն և Հասանովը նաև քննարկել են տարածաշրջանում անվտանգության ոլորտում առկա մարտահրավերները, երկկողմ հարաբերություններն ու եռակողմ փոխգործակցությունը Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև, ինչպես նաև համատեղ մասնակցությունը միջազգային զորավարժություններին։ Բուրչուլաձեն իր ադրբեջանցի գործընկերոջը հրավիրել է մայիսի 26-ին մասնակցել Վրաստանի անկախության օրվան նվիրված միջոցառումներին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում