Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-16/23. Վարդանյան, Քրիստի, Հայրապետյան

4 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-16/23.   Վարդանյան, Քրիստի, Հայրապետյան

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:

Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2023 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների երեք ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն

Մարգարիտա Վարդանյան, «Երբ դառնամ դեղձենի»

dexdzeni.jpg (286 KB)

Ժողովածուն ասես կյանքի, հոգու, անհատի և հասարակության, քաղաքական երևույթների կուռ վավերացում լինի, սակայն՝ սթափ, առանց լացուկոծի, հրամայականների և աղերսների: Բանաստեղծություններն ընդգրկուն ասելիքով տարածքներ են, որտեղ վրձնահարվածները մանրամասնություններ են:

Հեղինակը գիրքը նվիրում է իր զարմիկին՝ 2020 թ. նոյեմբերի 7-ին անմահացած հերոս գնդապետ Արմեն Վարդանյանին: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Թարգմանական գրականություն

Ագաթա Քրիստի, «Շագանակագույն կոստյումով մարդը»

shaganakaguyn.jpg (29 KB)

1924 թվականին լույս տեսած «Շագանակագույն կոստյումով մարդը» վեպն Ագաթա Քրիստիի վաղ շրջանի ստեղծագործություններից է:

Արկածների սիրահար Էնն Բեդինգֆելդը՝ մարդաբանության պրոֆեսորի որբացած դուստրը, Լոնդոնի մետրոյում ականատես է դառնում դժբախտ պատահարի: Հունվարյան նույն օրը քաղաքի մեկ այլ հատվածում՝ մեծահարուստ սըր Յուսթաս Փեդլերի առանձնատանը, հայտնաբերվում է ինքնությունը չպարզված մի օտարերկրուհու դի: Առաջին հայացքից որևէ կապ չունեցող այս երկու դեպքերում ուրվագծվում է նույն Շագանակագույն կոստյումով մարդը: Առեղծվածը բացահայտելու համար Էննը պատրաստ է ամենախենթ քայլերի, մինչև անգամ հանցավոր աշխարհի պարագլխի դեմ դուրս գալու և Հարավային Աֆրիկայի անմատչելի եզերքները հասնելու: Թարգմանությունը՝ Քրիստինե Չիլինգարյանի։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:

Փաստավավերագրական գրականություն

Տիգրան Հայրապետյան, «Փրկե՞նք հայրենիքը»

prkenq.jpg (223 KB)

Տիգրան Հայրապետյանի վերլուծությունների երրորդ հատորում առաջին երկու հատորներում հնչեցրած նրա հարցերի պատասխաններն են։ Առաջին երկու հատորներում հեղինակը ճշգրտորեն, գրեթե մարգարեական կանխատեսմամբ ախտորոշում է Հայաստանի ու տարածաշրջանի առջեւ այսօր ծառացած խնդիրները։ Նա քննարկում է Արեւմուտքի ու Արևելքի հավակնությունները և նրանց ծրագրերում Հայաստանի դերը։ Այս հատորում հավաքված են հեղինակի այն հոդվածները, որոնցում նա պատասխաններ է փնտրում ու տալիս է «Երկիրը ծանր վիճակից դուրս բերելու համար ի՞նչ պետք է անել» հարցի պատասխանը։

Տիգրան Հայրապետյանն այս հատորում ներկայացրել է Արցախի խնդրի կարգավորման 5 տարբերակ, վերլուծել բոլոր դետալները, իրար կողքի դրել փաստերը, համաշխարհային պատմության օրինակներն ու պատմական փորձը և դուրս բերել Հայաստանի համար լավագույն լուծումը։ Գրքում հեղինակը 44-օրյա պատերազմից ավելի քան 25 տարի առաջ կանխատեսել է, թե որ ուղղությամբ է թշնամին հարձակվելու Հայաստանի վրա, և ինչ պետք է անել դիմակայելու համար։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում