Սպորտ

Այս մեդալը նվիրում եմ մեր զինվորներին. Եվրոպայի չեմպիոն Դավիթ Հովհաննիսյան

2 րոպեի ընթերցում

Այս մեդալը նվիրում եմ մեր զինվորներին. Եվրոպայի չեմպիոն Դավիթ Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի Եվրոպայի առաջնության նորընծա կրկնակի չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանը հաղթանակը նվիրում է հայազգի զինվորներին:

«Հետաքրքիր առաջնություն ստավեց ու ադրենալինով լի: Ես լավ էի պատրաստվել, ինչը տվեց իր արդյունքը: Երկարատև մարզումների արդյունք էր: Երկուսս էլ լավ մարզավիճակում էինք և պատրաստ էինք: Երկուսիցս որն էլ լիներ չեմպիոն, տարբերություն չկար: Իմ այս մեդալը նվիրում եմ մեր զինվորներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Եվրոպայի չեմպիոնը:

Հովհաննիսյանի խոսքով` երկրպագուների աջակցությունը մարզահամալիրում շատ օգնել է նրանց:

Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ մտան 96 կգ քաշային ծանրորդները: Այս քաշում Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ` Արա Աղանյանը և Դավիթ Հովհաննիսյանը:Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հայաստանի հավաքականի անդամ Դավիթ Հովհաննիսյանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ բարձրացրեց 164, 167, 170 կգ: Այս վարժությունում Հովհաննիսյանը նվաճեց փոքր ոսկե մեդալ: Հրում վարժությունում նա ֆիքսեց 200 և 205 կգ և այս վարժությունում ևս դարձավ ոսկե մեդալակիր: Երկամարտի 377 կգ արդյունքով Եվրոպայի կրկնակի չեմպիոնը Դավիթ Հովհաննիսյանն է:

Հայաստանի ընտրանու մյուս անդամը` Արա Աղանյանը, պոկում վարժությունում ունեցավ մեկ հաջող մոտեցում` 165 կգ: Այս վարժությունում Աղանյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Հրումում Աղանյանը մեկ մոտեցմամբ` 199 կգ-ով դարձավ վարժության արծաթե մեդալակիր, իսկ երկամարտում նա գրանցեց 364 կգ արդյունք ու դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում