Հասարակական

Պարանոցը կտրելով մորը կյանքից զրկելու փորձ կատարած 36-ամյա տղամարդը կալանավորվել է

2 րոպեի ընթերցում

Պարանոցը կտրելով մորը կյանքից զրկելու փորձ կատարած 36-ամյա տղամարդը կալանավորվել է

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է 36-ամյա տղամարդու կողմից մոր նկատմամբ սպանության փորձ կատարելու առերևույթ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։

«Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2023 թվականի ապրիլի 16-ին` ժամը 13:00-ի սահմաններում, 74-ամյա կինը և վերջինիս 36-ամյա որդին այցելել են Երևան քաղաքի Սևքարեցի Սաքոյի փողոցում գործող հյուրանոց և համար վարձակալել: Դրանից մեկ ժամ անց՝ վերջիններիս միջև ծագած վիճաբանության ժամանակ, որդին հարվածել է մորը, որից հետո դանակով կտրել է նրա պարանոցը։ Ապա, հյուրանոցի 4-րդ հարկի պատշգամբից նետվելով ներքև՝ նա փորձել է դիմել փախուստի, սակայն վնասվածքներով հայտնաբերվել է հյուրանոցի բակում` դանակը ձեռքին, և վնասազերծվել: Մայրը և որդին տեղափոխվել էին բժշկական կենտրոններ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 36-ամյա տղամարդուն մոր նկատմամբ սպանության փորձ կատարելու համար մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի հատկանիշներով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ 36-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։ Դատարանի որոշմամբ միջնոդրությունը բավարարվել է և մեղադրյալը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Նշվում է, որ նախաքննությունը շարունակվում է՝ կատարված հացնագործության ամբողջական հանգամանքները պարզելու նպատակով։

Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում