Տարածաշրջանային

Թուրքիան պատրաստ է Սուդանի հարցով երկխոսության հարթակ տրամադրել. Էրդողան

2 րոպեի ընթերցում

Թուրքիան պատրաստ է Սուդանի հարցով երկխոսության հարթակ տրամադրել. Էրդողան

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան պատրաստ է հարթակ տրամադրել Սուդանի շուրջ երկխոսության համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, այս մասին ապրիլի 20-ին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Սուդանի սուվերեն խորհրդի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Բուրխանի և Սուդանի սուվերեն խորհրդի ղեկավարի տեղակալ, արագ արձագանքման ուժերի առաջնորդ Մուհամեդ Համդան Դագալոյի հետ հեռախոսազրույցների ընթացքում:

Թուրքիայի նախագահի աշխատակազմի կապերի վարչությունից հայտնել են, որ երկու առանձին զրույցների թեման Սուդանում տեղի ունեցած վերջին իրադարձություններն են:

Ըստ աղբյուրի ՝Էրդողանը հակամարտող կողմերին կոչ է արել դադարեցնել զինված դիմակայությունն ու եղբայրասպանությունը։

Թուրքիայի նախագահն ընդգծել է երկխոսության վերսկսման և ողջախոհության պահպանման կարևորությունը ՝ Սուդանում առկա խնդիրները վերացնելու և Սուդանի ժողովրդի միասնությունն ապահովելու նպատակով:

Քաղաքական գործիչը հավաստիացրել է, որ Թուրքիան այսուհետ ևս աջակցություն կցուցաբերի Սուդանի պետությանը, ժողովրդին և պատրաստ է որպես միջնորդ երկխոսության հարթակ տրամադրել:

Թուրքիայի նախագահը նշել է նաև Խարթումի օդանավակայանում անվտանգության ապահովման անհրաժեշտությունը ՝ հումանիտար միջանցք ձևավորելու նպատակով, ինչպես Թուրքիայի քաղաքացիներին տարհանելու, այնպես էլ այդ երկիր հրատապ մարդասիրական օգնություն հասցնելու համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում