Հասարակական

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալները ԵԽ գործընկերների հետ քննարկել են համագործակցությունը խորացնելու հեռանկարները

3 րոպեի ընթերցում

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալները ԵԽ գործընկերների հետ քննարկել են համագործակցությունը խորացնելու հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը ապրիլի 20-ին ընդունել են Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության, Թրանսվերսալ մարտահրավերների և բազմակողմ ծրագրերի իրականացման վարչության ղեկավար Տիգրան Կարապետյանի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում են եղել Մարդու իրավունքների Թրանսվերալ մարտահրավերների բաժնի ղեկավար Ջեննիֆեր Շուտց-Ռեյմանը, Մարդու իրավունքների Թրանսվերսալ մարտահրավերների բաժնի ծրագրերի համակարգող Աննա Մարիա Ռոխանը և Երևանում ԵԽ գրասենյակի Ազգային ծրագրերի համակարգող, «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» ծրագրի ղեկավար Արմեն Գրիգորյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազությունից, հանդիպման ընթացքում Եղիազար Ավագյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը հատկապես կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական ոլորտի բարեփոխումների և քրեական արդարադատության ոլորտներում:

«Հանդիպմանը քննարկվել են Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպված «Զինված ուժերում մարդու իրավունքների խթանումը Հայաստանում» ծրագրի մեկնարկն ու դրա վերաբերյալ մանրամասները, կարևորվել է զինված ուժերում մարդու իրավունքների խախտումների կանխարգելմանը, հնարավոր խախտումների դեպքերի արդյունավետ քննությանը, դրանց բացահայտմանը միտված կարողությունների զարգացումը, նախանշվել են Ծրագրի իրագործման կոնկրետ ուղղություններն ու այդ կապակցությամբ համագործակցության առավել արդյունավետ միջոցները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ «Զինված ուժերում մարդու իրավունքների խթանումը Հայաստանում» Եվրոպայի խորհրդի ծրագիրը նախորդիվ իրականացված՝ «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում – 2-րդ փուլ» ծրագրի շարունակությունն է:

«Հանդիպման ընթացքում քննարկվել է Ծրագրի շրջանակներում կարիքների գնահատում իրականացնելու անհրաժեշտությունը, որի արդյունքներով կկանխորոշվեն Ծրագրի իրականացման մեթոդաբանությունը և դրա տեղայնացումը հատկապես դատախազական և քննչական պրակտիկայում:

ԵԽ Թրանսվերսալ մարտահրավերների և բազմակողմ ծրագրերի իրականացման վարչության ղեկավար Տիգրան Կարապետյանը ընդգծել է Դատախազության հետ տարբեր ծրագրերի շրջանակում համագործակցության կարևորությունը և նշված հարցերով համագործակցությունը զարգացնելու պատրաստակամություն է հայտնել»,- հայտնում են ՀՀ դատախազությունից:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Դատախազության 105-ամյակի շրջանակում համատեղ միջոցառումների կազմակերպմանն առնչվող հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում