5 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնը համալրվել է նոր սարքավորումներով, ինչի շնորհիվ առավել արդյունավետ ու հեշտ է դառնում հետաքննական մարմինների աշխատանքը՝ տարբեր հետազոտությունների պատասխաններն ավելի սեղմ ժամկետներում ստանալու համար։ Կենտրոնի սարքավորումներից կարող են օգտվել նաև մասնավոր կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք։
Կենտրոնում բնական-արհեստական քարերի հետազոտություն է իրականացվում: Արհեստական և բնական ադամանդները տարբերակող սարքն ունի բարձր ճշգրտություն, արդյունքներն էլ 2-3 վայրկյանում պատրաստ են լինում:
Կենտրոնի 400 սարքավորումից մեկ ուրիշի միջոցով էլ հնարավոր է պարզել ալկոհոլային խմիչքների իրական ու կեղծ լինելը: Նոր սարքի միջոցով հնարավոր է ընդամենը 30 րոպեում տալ նախաքննությանը հուզող հարցերի պատասխանները:
Փորձագիտական կենտրոնի ձեռք բերած այլ նոր սարքավորումների շնորհիվ էլ թմրանյութերի հետքերի հետազոտություններն այսուհետ կիրականցվեն ավելի արագ և կարճ ժամկետներում, նոր սարքավորումները հնարավորություն կտան հասկանալ մազի, եղունգի մեջ առկա թմրանյութի քանակն ու տեսակը:
Կենտրոնի ՃՏՊ փորձաքննությունների բաժնի պետ Ժորժ Ծատուրյանը, որը տարիներ շարունակ ղեկավարել է կենտրոնը, «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմեց՝ կենտրոնն ի սկզբանե գործել է ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետում, որտեղ ստեղծվել է կրիմինալիստիկայի լաբորատորիա, որին վերապահվել է դատական փորձաքննությունների կատարումը: Փորձագիտական կենտրոնը՝ որպես առանձին կառույց, ձևավորվել է 70-ական թվականներին:
Կենտրոնը սկզբում կատարել է սահմանափակ տեսակի փորձաքննական գործունեություն՝ ձեռագրաբանական, հետքաբանական, ավտոտեխնիկական և այլն: Մասնագետի խոսքով՝ տարեցտարի զարգացել և ընդլայնվել են փորձաքննության տեսակները: Այսօր փորձաքննությունների տեսակների թիվը, նրա համոզմամբ, անհամեմետելի է նախկինում արված փորձաքննությունների հետ:
«Վերջին երկու տարիների ընթացքում կենտրոնը սկսեց տեխնիկական վիրազինումը այն թափով, որով մենք ենք ուզել, և այսօր գրեթե բոլոր հետազոտությունների գծով ունենք ժամանակակից վերլուծական սարքավորումներ, ծրագրեր: Տեխնիկական վերազինումը թույլ տվեց ընդլայնել փորձաքննությունների տեսակները: Եթե նախկինում մենք տարեկան ունենում էինք չլուծված հարցերի 20 տոկոս ցուցանիշ, այսօր այդպիսի խնդիր չունենք»,- ասաց Ծատուրյանը:
Փորձագիտական կենտրոնի տնօրեն Դավիթ Ղուլյանը նշեց՝ 2022-23 թվականին ձևավորվել են մշակութաբանական, հոգեբանական, հոգեբուժական, իրավական ապահովման և անձնակազմի կառավարման բաժիններ: Լինգվիստիկական, թանկարժեք մետաղների և քարերի, մանրաթելերի, բնական բամբակն արհեստականից տարանջատելու, հողի որակական ցուցանիշների հետազոտություն իրականացնելու, մարդու օրգանիզմում գոյացող երիկամային և լեղապարկային քարերի և այլ փորձաքննության նոր ենթատեսակներ են ավելացել: Իսկ կենտրոնում առկա սարքավորումներից կարող են օգտվել և դատաքննչական մարմինները, և մասնավոր ենթակառուցվածքներն ու ֆիզիկական անձինք:
«Կենտրոնում ավելացել է նաև գործերի մուտքերի քանակը: 2022 թվականի համեմատ մուտքերի քանակն աճել է 68 տոկոսով, ելքերի քանակն այսօրվա դրությամբ ավելացել է 27 տոկոսով»,- ասաց Ղուլյանը:
Կենտրոնն ունի նաև թեժ գծի ծառայություն: Նպատակ ունեն բարձրացնել փորձագիտական ծառայությունների մակարդակը:
«Նոր կադրերով համալրվելու հետ կապված քայլեր ենք ձեռնարկում: Բուհերի հետ կնքում ենք հուշագրեր, ուսանողներին ուշադրությունն ենք հրավիրում, որպեսզի հետագայում կենտրոնն իրենց համար նպատակային աշխատատեղ համարեն: Այստեղ գալով՝ նրանք կհասկանան, թե որն է փորձագետի աշխատանքը, ինչում է կայանում դրա կարևորությունը, ու կենտրոնն ինչ հնարավորություններ ունի»,- ասաց նա:
Ապագայում կենտրոնը կհամալրվի փորձաքննության նոր ենթատեսակներով, կունենա նոր լաբորատորիաներ և նոր սարքավորումներ: