Հայաստանի համար կարևոր է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրում միջազգային երաշխիքների ամրագրումը
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի համար կարևոր է, որպեսզի Ադրբեջանի հետ խաղաղության հնարավոր պայմանագրում ամրագրված լինի համապատասխան երաշխիքների համակարգ, որ այդ պայմանագրի դրույթները կպահպանվեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Միևնույն ժամանակ, վարչապետն արձանագրեց, որ ընդհանուր առմամբ այսօրվա միջազգային իրադրությունն այնպիսին է, որ որևէ երկիր չի կարող հստակ որևէ բան երաշխավորել, այդ թվում՝ իր անվտանգության հետ կապված։
Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ պետք է Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրի, երբ անգամ միջազգային երաշխիքը երաշխիք չէ, Փաշինյանը պատասխանեց․ «Նախ դեռ փաստ չի, որ մենք ստորագրելու ենք։ Ես հույս ունեմ և պատրաստ եմ ստորագրել իմ բարձրաձայնած խնդիրների հասցեագրման շրջանակներում։ Իսկ եթե ստորագրում ենք, ապա ստորագրում ենք նրա համար, որ առանց դրա ստորագրման, երաշխավորված է, որ ամեն ինչ կլինի այնպես, ինչը մենք չենք ուզում։ Իսկ ստորագրելու դեպքում հավանականությունը շատ էական մեծանում է, որ այդպես չի լինի»,- ասաց նա պարզաբանելով, որ բացասական զարգացումներն այդ դեպքում չեն լինի այնպես, ինչպես կլինեն չստորագրման դեպքում»:
Վարչապետը նշեց՝ Ադրբեջանը հիմա էյֆորիայի մեջ է և, էյֆորիայի մեջ լինելով, անում է սադրիչ հայտարարություններ: Եվ դրանց նպատակը նաև այն է, որ այս սադրանքին ՀՀ-ն տրվի և տեղավորվի այն պլանի մեջ, որն Ադրբեջանն իր մտքում ունի: Իսկ այդ պլանը, նրա կարծիքով, հանրահայտ ու հրապարակային է:
Նա շեշտեց՝ նախորդ օրվա ԱԳՆ-ի հայտարարությունն էլ ադրբեջանական կողմի այս սադրիչ հայտարարությունների պատասխանն է, և ինքն էլ ըստ պատեհության կարձագանքի դրանց: