Քաղաքականություն

ՀՀ վարչապետն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմի ձևավորմանը վերաբերող հարցեր

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմի ձևավորմանը վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, վարչապետը կարևորել է ԱՄՆ-ի հետ սերտ համագործակցության հետևողական զարգացումը և հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության օրակարգի շարունակական առաջմղումը: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ վարչակազմի օժանդակությունը մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում և հավելել, որ այդ օրակարգի իրացումը ՀՀ կառավարության համար ռազմավարություն է ու առաջնահերթություն: Միաժամանակ, վարչապետը կարևորել է ԱՄՆ ջանքերը՝ տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման նպատակով:

Իր հերթին, Էրիկա Օլսոնը նշել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է արդյունավետ համագործակցությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ կյանքի կոչման ուղղությամբ և նշել, որ իր երկրի կառավարությունը մեծապես կարևորում է ՀՀ-ի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը, այդ թվում՝ տնտեսության ոլորտում:

Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմի ձևավորմանը, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում