ԱՍՀ նախարարությունը և ՀՀ պետական կառավարման ակադեմիան համագործակցության հուշագիր են ստորագրել
2 րոպեի ընթերցում
![ԱՍՀ նախարարությունը և ՀՀ պետական կառավարման ակադեմիան համագործակցության հուշագիր են ստորագրել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/04/1108909.jpg)
ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուհ-աշխատաշուկա կապի ամրապնդման, կրթություն ստանալուն զուգահեռ աշխատաշուկայում ինքնաիրացման հնարավորություն տալու, հանրության ամենալայն շերտերի համար կրթության մատչելիության ապահովման և սահմանված մի շարք այլ նպատակներով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ու Պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Խաչատուր Ղազեյանն ապրիլի 17-ին համագործակցության հուշագիր են կնքել։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, նրանք սահմանված առաջնահերթությունների շարքում կարևորել են գիտական ուսումնասիրությունների, կրթական, դաստիարակչական, սոցիալ-մշակութային ծրագրերի համատեղ իրականացման, աշխատողների նպատակային վերապատրաստման անհրաժեշտությունը։
«Հուշագրի շրջանակում ակադեմիան պատրաստակամություն է հայտնել իրականացնելու մասնագետների վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացներ՝ համատեղ պատրաստված ծրագրերով, իսկ նախարարությունը կաջակցի ակադեմիայի ուսանողների պրակտիկայի կազմակերպմանը, ուսանողների և շրջանավարտների զբաղվածությունը խթանող ծրագրերի իրականացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ առաջնահերթություն համարելով կրթության որակի բարելավումը՝ կողմերը նախատեսում են իրականացնել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջոցառումներ՝ համաժողովներ, վերապատրաստումներ:
Կողմերը նաև պատրաստակամություն են հայտնել համատեղել ջանքերը՝ նպաստելու կրթական համակարգի զարգացմանն ու գիտական մտքի դերի բարձրացմանն աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում: