Տարածաշրջանային

Իրանի նախագահը Սաուդյան Արաբիայի թագավորին հրավիրել է այցելել Թեհրան

2 րոպեի ընթերցում

Իրանի նախագահը Սաուդյան Արաբիայի թագավորին հրավիրել է այցելել Թեհրան

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդին Թեհրան այցելելու հրավեր է ուղարկել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին։

Իրանի ԱԳՆ խոսնակը շեշտել է, որ երկրի նախագահը մինչ այդ ստացել է Էր Ռիադ այցելելու հրավեր:

Քանաանին նաև նշել է, որ Իրանը և Սաուդյան Արաբիան նպատակ են դրել իրականացնելու երկու երկրների միջև համաձայնությունները և ամրապնդելու առևտրատնտեսական համագործակցությունը։

Քանաանին ողջունել է դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու շուրջ երկու երկրների միջև մարտին ձեռք բերված համաձայնությունը: Նա նշել է, որ երկու երկրներում դեսպանատները կվերաբացվեն մինչև մայիսի 9-ը:

«Բարեբախտաբար, մենք դրական քայլեր ենք ձեռնարկել… Երկու երկրների միջև քաղաքական հարաբերություններն, ըստ էության, վերականգնվել են», - մեջբերում է Tasnim գործակալությունը ԱԳՆ խոսնակի խոսքերը:

Պեկինում մի քանի օր տևող բանակցություններից հետո Իրանը և Սաուդյան Արաբիան մարտի 10-ին հասել էին համաձայնության երկու ամսվա ընթացքում դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու, դեսպանատները և դիվանագիտական առաքելությունները վերաբացելու շուրջ:

Վերջին շաբաթներին հանդիպում է կայացել նաև Իրանի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարների միջև:

Կողմերը պայմանավորել են հարգել միմյանց ինքնիշխանությունը և զերծ մնալ միմյանց ներքին գործերին միջամտելուց:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում