«Թագավորների խաղերը». առաջնախաղ` Ռուսական թատրոնի բեմում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կկայանա առաջնախաղ: Հանդիսատեսի դատին կհանձնվի «Թագավորների խաղերը» դրաման (թարգմանությունը՝ Ն. Ի. Կուզմինսկու)՝ ըստ ամերիկացի դրամատուրգ Ջեյմս Գոլդմենի «Առյուծը ձմռանը» գործի:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Ռուսական դրամատիկական թատրոնի մամուլի ծառայությունից, առաջնախաղը կկայանա ապրիլի 15-ին:

Բեմադրիչն է Սուրեն Շահվերդյանը: Ներկայացումը նվիրված է ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի հիշատակին:

Պիեսը իշխանության անսահման ծարավի և հանուն դրա ցանկացած դավաճանության գնալու պատրաստակամության մասին է։ Ներկայացումը ուժեղ և հզոր անհատների մասին է, որոնցից կախված են կայսրությունների ճակատագրեր:

Ներկայացման դերակատարներն են ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանը, Թեհմինե Խաչատրյանը, Գոռ Համբարձումյանը, Արմեն Արնաուտովը, Արման Մեժլումյանը, Հռիփսիմե Նահապետյանը, Արմեն Մարգարյանը։ Ներկայացման բեմանկարիչը Արթուր Հարությունյանն է, զգեստների նկարիչը` Մերի Սարգսյանը, խորեոգրաֆիան`Արա Ասատուրյանի, երաժշտական ձևավորումը՝ Սուրեն Շահվերդյանի:

Ներկայացումը նախատեսված է 18+ անձանց համար: Պիեսի գործողություններին հանդիսատեսը կհետևի հենց բեմից՝ դերասանների հետ նույն հարթության վրա:

Հայերեն Русский