Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ միջնորդությամբ Լիոնի քաղաքապետը հանդիպել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերու հորը

3 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳՆ միջնորդությամբ Լիոնի քաղաքապետը հանդիպել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերու հորը

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հավհաննիսյանն ապրիլի 13-ին ընդունել էԼիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ողջունելով հյուրերին` նախարարի տեղակալը կարևորել է Երևանի և Լիոնի միջև առանձնահատուկ կապերն ու արդյունավետ համագործակցությունը, որն իր ուրույն տեղն ունի հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերություններում: Պարույր Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել անցյալ տարի հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովը Լիոնում բարձր մակարդակով կազմակերպելու ու հայկական տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչներին հյուրընկալելու համար:

Ըստ աղբյուրի՝ Գրեգորի Դուսեն, շնորհակալություն հայտնելով այս օրերին Լիոնի պատվիրակությանը Հայաստանում առանձնակի ջերմությամբ հյուրընկալելու համար, հաստատել է պատրաստակամությունը` ավելի խորացնելու և ամրապնդելու 1992թ.-ից սկիզբ առած Երևանի հետ հարաբերությունները:

Երկուստեք առանձնակի կարևորվել է Երևանի և Լիոնի, ՀՀ և Լիոն մետրոպոլի համայնքների միջև համատեղ ծրագրերի իրագործումը, մասնավորապես տնտեսական ոլորտում:

«Պարույր Հովհաննիսյանը պատվիրակությանը ներկայացրել է տարածաշրջանի առկա մարտահրավերները և խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի շարունակական ջանքերը։ Անդրադառնալով Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին, այդ թվում՝ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամին ու ապրիլի 11-ին Տեղ համայնքի մոտակայքում ադրբեջանական կողմի սադրանքին՝ նշել է, որ Ադրբեջանի կեցվածքը միտված է ամբողջությամբ խաթարելու Հարավային Կովկասում կայունություն և խաղաղություն հաստատելու ջանքերը: Այս համատեքստում նա ընդգծել Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղման հրամայականը և շեշտել Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման իրականացման կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հանդիպման ավարտին ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ և ՀՀ ԱԳՆ միջնորդությամբ կայացել է Լիոնի քաղաքապետի ու Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերի Գրիգոր Սաղաթելյանի հոր` Սեյրան Սաղաթելյանի հետ հանդիպում:

16813943777393.jpeg (927 KB)

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում