Քաղաքականություն

Մարուքյանը միջազգային հանրությանը կոչ է արել հաշվի առնել, որ հայ զինծառայողների վրա Ադրբեջանի հարձակումը տեղի է ունեցել Հայաստանի ինքնիշխան տարածքում

2 րոպեի ընթերցում

Մարուքյանը միջազգային հանրությանը կոչ է արել հաշվի առնել, որ հայ զինծառայողների վրա Ադրբեջանի հարձակումը տեղի է ունեցել Հայաստանի ինքնիշխան տարածքում

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը միջազգային հանրությանը կոչ է արել Ադրբեջանի հարձակման մասին հայտարարություններ անելիս հաշվի առնել, որ դա տեղի է ունեցել Հայաստանի ինքնիշխան տարածքում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մարուքյանն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։

«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հայտարարություններ անելիս՝ մեր միջազգային գործընկերները պետք է հստակ գիտակցեն, որ միջադեպը տեղի է ունեցել Հայաստանի սուվերեն տարածքում։ Այսինքն, Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են Հայաստանի տարածք և միջադեպ հրահրել։ Ադրբեջանն ագրեսոր պետություն է և 2021 թվականից մինչ այժմ բազմաթիվ ագրեսիվ գործողություններ է իրականացրել Հայաստանի ինքնիշխան տարածքների դեմ։ Մեր պահանջը չի փոխվել՝ Ադրբեջանը պետք է լքի Հայաստանի տարածքները, այլապես նման սադրանքները կշարունակվեն։ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունները քննարկելու թեմա չեն»,- գրել է Մարուքյանը։

Ապրիլի 11-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում, ադրբեջանական զինված ուժերի մի խումբ զինծառայողներ սահմանի տեղակայման կետերի ճշգրտման պատրվակով մոտեցել են ՀՀ զինված ուժերի զինծառայողներին, սադրել և հրազենային զենքերից, այնուհետև տարբեր տրամաչափի այլ զինատեսակներից կրակ վարել հայկական ԶՈւ զինծառայողների և դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր: Ապրիլի 12-ի ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ հարաբերականորեն կայուն:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում