Հասարակական

Լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելու համար Նաիրի Հոխիկյանին մեղադրանք է ներկայացվել

3 րոպեի ընթերցում

Լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելու համար Նաիրի Հոխիկյանին մեղադրանք է ներկայացվել

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահի կողմից ՀՀ քննչական կոմիտեի նախագահին հասցեագրվել է առերևույթ հանցանքի մասին հաղորդում և կից նյութեր այն մասին, որ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդ. Հովհաննսյանը 2023թ մարտի 29-ին թիվ ԱՐԴ1/4853/02/21 քաղաքացիական գործով կայացրել է վճիռ, որը հրապարակվել է դատական իշխանության պաշտոնեական կայքում, ինչից հետո օգտատեր Նաիրի Հոխիկյանը «Facebook» սոցիալական ցանցի իր էջում հրապարակում է կատարել դատավոր Էդ. Հովհաննիսյանի աշխատանքային գործունեության հետ կապված վիրավորական արտահայտություններով: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Նշված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 489-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախաքննության ընթացքում զննության է ենթարկվել է հայատառ «Նաիրի Հոխիկյան» ֆեյսբուքյան էջը, որի արդյունքում պարզվել է, որ էջի գրառումներ բաժնում, 2023թ մարտի 29-ին` ժամը 16:50-ին, Նարիրի Հոխիկյան օգտատիրոջ կողմից կատարվել է գրառում, որում, անհարգալից վերաբերմունք դրսևորելով դատավոր Էդ․ Հովհաննիսյանի նկատմամբ, կապված նրա պաշտոնեական լիազորությունների իրականացման հետ՝ վիրավորական արտահայտություն է օգտագործվել դատավորի հասցեին։ Գրառմանը կից առկա են նաև լուսանկարներ։

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդ.Հովհաննիսյանը ճանաչվել է տուժող:

Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել հսկողություն իրականացնող դատախազին Ն.Հ-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 489-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։ Միջնորդությունը բավարարվել է և Ն․Հ․-ին ներկայացվել է մեղադրանք»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Հոխիկյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:

Նախաքննությունը շարունակվում է:

Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում