Միջազգային

Պարենի համաշխարհային գներն ավելի քան 20%-ով նվազել են 2022 թ.-ի առավելակետի համեմատությամբ

3 րոպեի ընթերցում

Պարենի համաշխարհային գներն ավելի քան 20%-ով նվազել են 2022 թ.-ի առավելակետի համեմատությամբ

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարենի համաշխարհային գները մարտին 20,5%-ով նվազել են մեկ տարի առաջվա առավելակետային ցուցանիշների համեմատությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս տվյալները բերվում են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից տարածված Պարենային գների ինդեքսում, որը հետևում է հիմնական պարենային ապրանքների զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխություններին:

Ինչպես նշում է ՊԳԿ-ն, 2023 թ.-ի մարտին ինդեքսը շարունակել է նվազել 12-րդ ամիսն անընդմեջ՝ միջինը կազմելով 126,9 կետ, ինչը 2,1 %-ով ավելի ցածր է, քան նախորդ ամսին, և 20,5 %-ով ավելի ցածր 2022 թ.-ի մարտ ամսվա առավելակետային մակարդակից։

«Այս նվազմանը նպաստում են լայնածավալ մատակարարումները, ներմուծման պահանջարկի կրճատումը և Սևծովյան հացահատիկային նախաձեռնության երկարաձգումը», - պարզաբանվում է հայտարարության մեջ:

Մասնավորապես, հացահատիկի գների ինդեքսը փետրվարի համեմատ նվազել է 5,6 %-ով, ընդ որում՝ ցորենի համաշխարհային գները նվազել են 7,1 %-ով, ինչը պայմանավորված է Ավստրալիայում արտադրության բարձր մակարդակով, Եվրամիությունում ցանքի պայմանների բարելավմամբ, ՌԴ-ից մատակարարումների մեծ ծավալներով և Ուկրաինայի սևծովյան նավահանգիստներից շարունակվող արտահանումներով:

Եգիպտացորենի համաշխարհային գները նվազել են 4,6 %-ով՝ մասամբ Բրազիլիայում ռեկորդային բերքի ակնկալիքների պատճառով, մինչդեռ բրնձի գներն ընկել են 3,2 %-ով՝ հիմնական արտահանող երկրներում, ներառյալ՝ Հնդկաստանում, Վիետնամում և Թաիլանդում շարունակվող կամ առաջիկա բերքահավաքի պատճառով:

Բուսական յուղի գների ինդեքսը միջինը 3 %-ով ավելի ցածր է նախորդ ամսվա համեմատ և 47,7%-ով ավելի ցածր, քան 2022 թ.-ի մարտին, քանի որ համաշխարհային մեծ պաշարները և ներմուծման համաշխարհային քիչ պահանջարկը հանգեցրել են սոյայի, ռապսի և արևածաղկի ձեթերի գնանշումների նվազման:

Մինչդեռ շաքարի գների ինդեքսն աճել է մինչև 2016 թ.-ի հոկտեմբերից ի վեր ամենաբարձր մակարդակը ՝ փետրվարի համեմատ աճելով 1,5%-ով: Սրա պատճառ են դարձել Հնդկաստանում, Թաիլանդում և Չինաստանում շաքարի արտադրության հեռանկարների վատթարացման շուրջ մտահոգությունները:

Մսի գների ինդեքսը փոքր-ինչ աճել է (0,5%-ով):

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում