Քաղաքականություն

Տեղ-Կոռնիձոր հատվածում սահմանապահների տեղակայման որոշ կետեր հստակեցված են, մնացած հատվածներում աշխատանքները շարունակվում են

3 րոպեի ընթերցում

Տեղ-Կոռնիձոր հատվածում սահմանապահների տեղակայման որոշ կետեր հստակեցված են, մնացած հատվածներում աշխատանքները շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղ-Կոռնիձոր հատվածում Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահների տեղակայման կետերի ճշգրտման ուղղությամբ աշխատանքների արդյունքում իրավիճակը որոշակիորեն բարելավվել է, մասնավորապես 12 կմ-ից 7կմ-ում տեղակայման կետերը հստակեցված են, 5 կմ-ի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում իր ելույթում:

Վարչապետը հիշեցրեց՝ նախորդ նիստին տեղեկացրել է, որ ՀՀ-ն Լաչինի միջանցքին կապող նոր՝ Կոռնիձոր-Տեղ ավտոճանապարհի շահագործման հանձնելու բերումով տեղի է ունենալու դեպի Լաչինի միջանցք երթուղու փոփոխություն, ինչի արդյունքում Հայաստան-Ադրբեջան սահմանի մոտ 12 կմ-անոց հատվածի պահպանությունը պետք է ստանձնեն ՀՀ սահմանապահ զորքերը: Պատճառն այն է, որ մինչև այդ սահմանի նշված հատվածի անմիջական պահպանություն չէր իրականացվում ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի կողմից՝ Լաչինի միջանցքի ժամանակավոր երթուղին ապահովելու համար նախորդ տարի ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:

«Եվ ահա, ինչպես հայտնի է, սահմանի անմիջական պահպանության ստանձնման ժամանակ որոշակի խնդիրներ են առաջացել, ինչի մասին տեղեկացրել էր ԱԱԾ-ն՝ ընդգծելով, որ երկու կողմերի տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ: Որոշ տեղերում, ըստ մեր գնահատականի՝ ադրբեջանական կողմը դիրքավորվել էր և ինժեներական աշխատանքներ էր իրականացրել սահմանից 100-300 մետր առաջ՝ Հայաստանի տարածքում: Դրանից հետո պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ երկու կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը: Այս ընթացքում սահմանապահների տեղակայման կետերի ճշգրտման ուղղությամբ աշխատանքներ են տարվել: Եվ իրավիճակը որոշակիորեն բարելավվել է: Մասնավորապես 12 կմ-ից 7կմ-ում տեղակայման կետերը հստակեցված են, 5 կմ-ի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը վստահեցրեց՝ հայկական կողմի տրամադրվածությունը եղել է ու շարունակում է մնալ էսկալացիայից խուսափելը: Նա հույս հայտնեց, որ տեղակայման կետերի ճշգրտման աշխատանքները կիրականացվեն կառուցողական մթնոլորտում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում