Տարածաշրջանային

Թեհրանը Բաքվից պարզաբանում Է պահանջել Իսրայելի հետ «հակաիրանական համագործակցության» վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

Թեհրանը Բաքվից պարզաբանում Է պահանջել Իսրայելի հետ «հակաիրանական համագործակցության» վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը մտահոգություն է հայտնում Ադրբեջանի և Իսրայելի ռազմավարական գործընկերության համատեղ ծրագրերի առնչությամբ և պարզաբանումներ է պահանջում Բաքվից: Նման հայտարարություն է արել Իրանի Իսլամական Հանրապետության արտգործախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:

Ըստ Քանաանիի՝ այդ համագործակցությունը «դավադրություն» է, որն Իսրայելը պատրաստում է Իրանի դեմ Ադրբեջանի տարածքում։ Ինչպես նշվում Է Իրանի ԱԳՆ-ի Telegram ալիքում, արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը Բաքվից պարզաբանումներ է պահանջել Ադրբեջանի և Իսրայելի միջև «ռազմավարական գործընկերության նոր փուլի» մասին հայտարարությունների առնչությամբ, որի նպատակն, ինչպես պնդում Է նա, «միասնական հակաիրանական ճակատի» ստեղծումն Է: Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը նաև մատնանշել է «անքակտելի պատմական և կրոնական կապն Իրանի և Ադրբեջանի ժողովուրդների միջև»։

Մարտի 29-ին Իսրայելի արտգործնախարարության ղեկավար Էլի Քոհենը, ամփոփելով Իսրայելում իր ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման արդյունքները, հայտարարել էր, որ Իսրայելն ու Ադրբեջանը պետք է համատեղ ջանքերով դիմակայեն Իրանին։ «Մենք պետք է գործենք միասին, որպեսզի կանխենք Իրանի կողմից (ռազմական) միջուկային ներուժի ստացումը: Դա կարելի է անել՝ օգտագործելով քաղաքական և տնտեսական միջոցներ՝ միաժամանակ ստեղծելով հուսալի և շոշափելի ռազմական սպառնալիք», - հայտարարել էր Քոհենը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում