Տարածաշրջանային

Թուրքիայի խորհրդարանը հաստատել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունը

2 րոպեի ընթերցում

Թուրքիայի խորհրդարանը հաստատել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության արձանագրությունը

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հյուսիսատլանտյան պայմանագրին (ՆԱՏՕ) Ֆինլանդիայի միանալու արձանագրության հաստատման մասին օրենքի նախագիծը։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Քննարկման ժամանակ ելույթ են ունեցել Թուրքիայի խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները։

Թուրքիայի խորհրդարանի պատգամավորներն ընդգծել են, որ Ֆինլանդիան ձեռնարկել է անհրաժեշտ քայլերը, որոնք բխում են Մադրիդում Թուրքիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի միջև ստորագրված եռակողմ հուշագրից։

Նշվում է, որ Հյուսիսատլանտյան պայմանագրին Ֆինլանդիայի միանալու արձանագրության հաստատման մասին օրինագիծը ստորագրել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը և այն ներկայացվել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ու Գլխավոր ասամբլեայի քննարկմանը։

Ըստ հաղորդագրության՝ Գլխավոր ասամբլեան ընդգծել է, որ Թուրքիան «աջակցում է բաց դռների քաղաքականությանը»։

Քվեարկությունը տեղի է ունեցել հինգշաբթի օրը՝ խորհրդարանի լիագումար նիստի ժամանակ։ Օրինագծին կողմ են քվեարկել նիստի բոլոր 276 մասնակիցները։ Ֆինլանդիան օրինական հիմքեր է ստացել դաշինքին լիարժեք անդամակցելու համար:

«Այսպիսով, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Գլխավոր ասամբլեան հավանություն է տալիս Հյուսիսատլանտյան պայմանագրին (ՆԱՏՕ) Ֆինլանդիայի միանալու Արձանագրության հաստատման մասին օրենքի նախագծին»,-ասվում է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում