Հասարակական

Եղեգնաձոր քաղաքի բնակիչը կալանավորվել է. նա մեղադրվում է դանակով երկու անձի ծանր մարմնական վնաս պատճառելու մեջ

3 րոպեի ընթերցում

Եղեգնաձոր քաղաքի բնակիչը կալանավորվել է. նա մեղադրվում է դանակով երկու անձի ծանր մարմնական վնաս պատճառելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Եղեգնաձոր քաղաքի 38-ամյա բնակչի կողմից երկու անձի ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2023 թվականի փետրվարի 11-ին՝ ժամը 22.20-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի հիշյալ բնակիչը նույն քաղաքի Միկոյան փողոցում գործող խանութ սրահում հանդիպել է նույն մարզի Գետափ բնակավայրի 32-ամյա բնակչին և նրանց միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որը տևել է շուրջ 20 րոպե: Այնուհետև՝ ժամը 23.20-ի սահմաններում, 38-ամյա տղամարդը, իր տանից, երկու ընկերների հետ՝ նրանցից մեկին պատկանող Լեքսուս մակնիշի ավտոմեքենայով, իսկ 32-ամյա տղամարդը, հիշյալ խանութի մոտից, 3 ընկերների հետ՝ Նիսան և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներով, գնացել են Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 126-րդ կմ հատվածից դեպի աջ թեքվող դաշտամիջյան ճանապարհ, որտեղ 32 և 38-ամյա տղամարդկանց միջև վիճաբանությունը շարունակվել է: Այդ ընթացքում վերջինս, նախապես իր հետ վերցրած խոհանոցային դանակով դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է 32-ամյա տղամարդու որովայնի ձախ հատվածին և վերջինիս ընկերներից մեկի ձախ ազդրի հատվածին՝ նրանց առողջությանը պատճառելով ծանր վնաս։ Ապա նա փորձել է կրկին հարվածել 32-ամյա տղամարդուն, սակայն դանակը դիպել է վերջինիս մատին, որից հետո Լեքսուս մակնիշի ավտոմեքենայով դիմել է փախուստի: Ավելի ուշ վերջինս ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկողություն իրականացնող դատախազին՝ 38-ամյա տղամարդու նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (2 դրվագ) հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է և նրան ներկայացվել է մեղադրանք:

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում