9 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակն՝ ըստ փետրվարի վաճառքների։
Առաջին տեղում է Ջոն Ստրելեքիի «Սրճարան աշխարհի եզրին» համաշխարհային բեսթսելերը: Գրքում հերոսը սեփական կյանքի քաոսից փախչելով հայտնվում է աշխարհից հեռու մի սրճարանում, որտեղ մենյուի հարցերի և մատուցողների հետ զրույցների միջոցով վերագտնում է իր կյանքի իմաստը։ Գիրքը կօգնի յուրաքանչյուրին գտնել իր գոյության նպատակը, փոխել սեփական կյանքը և յուրաքանչյուրին կտա մոտիվացիայի ահռելի չափաբաժին՝ 2021-ը որպես նոր մարդ դիմավորելու համար:
Հեկտոր Գարսիայի և Ֆրանսեսկ Միրալեսի «Իկիգայ. երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» երկրորդ տեղում է։ «Իկիգայ. երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» յուրահատուկ լրագրողական հետաքննություն-հետազոտություն է՝ պարզելու, թե որն է Ճապոնիայի Օկինավա կղզու բնակիչների երկարակեցության գաղտնիքը և ինչ է իրականում նշանակում իկիգայը: Այս գրքի շնորհիվ դուք բազմաթիվ տեղեկություններ կստանաք երկարակեցության գաղտնիքների և իրենց կյանքում թեկուզ փոքրիկ, բայց կարևոր նպատակներ ունեցող ճապոնացիների մասին: Այն կօգնի ձեզ գտնել ձեր սեփական իկիգայը ու լիցքավորվել թարմ էներգիայով՝ պատրաստ ապրելու երկար ու երջանիկ:
Երրորդ տեղում է Ջո Նավարոյի «Ես կարդում եմ Ձեր մտքերը» գիրքը։ Այս գրքում դուք կիմանաք, թե որ նախնադարյան բնազդներն են կառավարում մեր մարմնի լեզուն, ինչու չի կարելի վստահել մարդու դեմքի արտահայտություններին, որն է մարմնի «ամենաանկեղծ» մասը, ինչպես կարդալ դիմացինի իրական մտքերը նրա ձեռքերի, ոտքերի, իրանի և շուրթերի միջոցով և ինչպես կիրառել այս գիտելիքները՝ ավելի վստահ ու անկեղծ տպավորություն թողնելու համար։ Գրքում ներկայացված են ոչ միայն համոզիչ օրինակներ FBI-ի գործակալի իրական պրակտիկայից, այլև առկա են հղումներ ոչ վերբալ հաղորդակցության ոլորտում ամենահայտնի հետազոտողների աշխատություններին: Գրքում կգտնեք նաև պատկերներ, որոնք է՛լ ավելի ընկալելի և հետաքրքիր կդարձնեն ընթերցանությունը:
Չորրորդ տեղում է Ռոբերտ Կիյոսակիի «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» գիրքը։ «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ»-ը անձնական ֆինանսների կառավարում ուսուցանող թիվ մեկ գիրքն է ամբողջ աշխարհում։ Այն պատմում է Ռոբերտ Կիյոսակիի և նրա երկու հայրիկների՝ հարազատ հոր և լավագույն ընկերոջ հոր՝ հարուստ հայրիկի պատմությունը, այն մասին, թե ինչպես են այդ երկու տարբեր մարդիկ ձևավորում ներդրումների և փողի մասին իր գաղափարներն ու ընկալումները։ Գիրքը հօդս է ցնդեցնում այն առասպելը, թե հարուստ լինելու համար պետք է ունենալ բարձր եկամուտ, և բացատրում է փողի համար աշխատելու և փողը քեզ համար աշխատեցնելու տարբերությունը։
Հինգերորդ հորիզոնականում է Էկհարթ Թոլլի «Ներկայի ուժը»։ «Ներկայի ուժը» գիրքն իրավամբ համարվում է պոպուլյար հոգեբանության, մոտիվացիայի և էզոթերիկայի ժանրերի ամենաառանցքային ստեղծագործություններից մեկը, իսկ հեղինակ Էկհարթ Թոլլը՝ ամենահեղինակավոր հոգևոր ուսուցիչներից մեկը:
Այս գիրքը կստիպի ձեզ մի պահ դադարեցնել մտքերում տիրող աղմուկը, երանելի լռություն հաստատել հոգում և գլխում ու վերջապես ապրել միակ իրական պահը՝ Ներկա պահը:
Իտալացի հեղինակ Լուկա Կայոլիի «Մեսսի. լեգենդ դարձած տղայի պատմությունը» սպորտային բեսթսելերը վեցերորդ հորիզոնականում է: Կայոլին իր գրքում բացում է ֆուտբոլիստի մանկության մութ ու ծանր էջերը, նրա առողջական խնդիրների ծագումը: Գիրքը պատմում է, թե մեծ ֆուտբոլիստ դառնալու համար ինչ դժվարությունների միջով է ստիպված եղել անցնել: Նրանց համար, ովքեր ծանոթ չեն Լիոնել Մեսսիի կենսագրությանը, հետաքրքիր կլինի իմանալ, որ ինչ-որ ժամանակ նա այնքան մեծ «սպառնալիք» է եղել ֆուտբոլի համար, որ իսպանական ակումբները ջանք ու եռանդ չեն խնայել նրա պայմանագիրը գնելու կամ նրա առողջական խնդիրները վեր հանելու համար։ Գրքում տեղ են գտել նաև բացառիկ հարցազրույցներ ֆուտբոլային հանճարին շատ լավ ճանաչողների և հենց իր՝ Մեսսիի հետ:
Յոթերորդ հորիզոնականում էՆապոլեոն Հիլի «Մտածի՛ր և հարստացի՛ր»գիրքը: Ամերիկացի հեղինակի հանրահայտ գրքում ներկայացված են հարստանալու, դրամ ստեղծելու քայլերն ու միջոցները, որոնք հիմնված են ինչպես հեղինակի սեփական, այնպես էլ շատ մեծահարուստների փորձի վերլուծության վրա, կիրառվել և օգտակար են եղել բազմաթիվ մարդկանց հաջողակ դառնալու համար:
Հովհաննես Թումանյանի հրապարակագրության և ինքնակենսագրական նոթերի «Անկեղծ չենք» ժողովածուն ութերորդն է։ Ամենայն հայոց բանաստեղծն իր ժամանակի ակտիվ հասարակական գործիչներից էր, որն ամեն կերպ արձագանքում էր հայ ժողովրդի ազգային–քաղաքական–մշակութային կյանքին՝ հաճախ դառնալով դրա ուղղորդողն ու միտքը սնուցողը։ Մտավորականի նկատող աչքի առջև մեր երկրի իղձերն ու երազանքներն են, քննադատական գրչի տակ՝ հասարակության արատներն ու ցավոտ հարցեր, որոնք հարյուրամյակ անց նույնքան մտահոգող են։
Իններորդ տեղում է Գարեգին Նժդեհի «Չխրատվող ժողովուրդը»: Խորհրդածությունների և հոդվածների այս գրքում Նժդեհը դիմում է հայ երիտասարդությանը՝ մղելով ինքնաճանաչողության: Նա անդրադառնում է մեր բնավորությանը, պատմական առաքելությանը, տարածաշրջանում մեր հնարավորություններին: Խոսելով ապագայի պատերազմներից՝ Նժդեհը խրախուսում է Հայաստանում ռազմարդյունաբերության հիմնումը: Նա գերակա է համարում մեր ժողովրդի հավաքական պայքարը, որովհետև այդպես «ավելի ուժեղ ենք, քան ժամանակավոր դժբախտությունը»:
Տասներորդ տեղում է Իլոն Մասկի «Երբ բոլորը քո դեմ են. Իլոն Մասկն ինքն իր մասին» գիրքը։ «Երբ բոլորը քո դեմ են. Իլոն Մասկն ինքն իր մասին» գրքում ամփոփված են մեջբերումներ աշխարհի ամենաառանցքային մարդկանցից մեկի՝ Իլոն Մասկի հարցազրույցներից ու ելույթներից: Գրքում թեմատիկ բաժիններով առանձնացված են Իլոն Մասկի գործունեության տարբեր ոլորտները՝ SpaceX և Մարսի գաղութացում, Tesla Motors և էլեկտրամոբիլների տարածում, SolarCity և կանաչ էներգետիկա: Բացի դա, մեջբերված են Մասկի ուշագրավ հայտարարություններն ու գաղափարները կադրային քաղաքականության, աշխատանքի և առհասարակ՝ կյանքի մասին:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | +4 |
Ջոն Ստրելեքի «Սրճարան աշխարհի եզրին» |
Դավինչի | 201 | |
| 2 | -1 |
Հեկտոր Գարսիա և Ֆրանսեսկ Միրալես «Իկիգայ․ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» |
Դավինչի | 183 | |
| 3 | * |
Ջո Նավարո «Ես կարդում եմ Ձեր մտքերը» |
Դավինչի | 152 | |
| 4 | 0 |
Ռոբերտ Կիյոսակի «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» |
Անտարես | 132 | |
| 5 | * |
Էկհարթ Թոլլ «Ներկայի ուժը» |
Դավինչի | 129 | |
| 6 | +1 |
Լուկա Կայոլի «Մեսսի. լեգենդ դարձած տղայի պատմությունը» |
Newmag | 123 | |
| 7 | * |
Նապոլեոն Հիլ «Մտածի՛ր և հարստացի՛ր» |
Զանգակ | 86 | |
| 8 | նոր |
Հովհաննես Թումանյան «Անկեղծ չենք» |
Վերնատուն | 72 | |
| 9 | * |
Գարեգին Նժդեհ «Չխրատվող ժողովուրդը» |
Վերնատուն | 71 | |
| 10 | * |
Իլոն Մասկ «Երբ բոլորը քո դեմ են․ Իլոն Մասկն ինքն իր մասին» |
Դավինչի | 71 |
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը
Ցանկում ներառված չեն հանրագիտարանները
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը: