«Իմ քայլը» հիմնադրամի ուշադրության կենտրոնում են կրթության և գիտության ոլորտի զարգացման ծրագրերը. Մխիթար Հայրապետյան

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմ քայլը» հիմնադրամը սեփական ուժերը բացառապես կենտրոնացրել է մարդկային կապիտալի զարգացման ծրագրերի վրա: Շուրջ երկու տարիներ ընթացքում հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունը եղել է կրթությունն ու գիտությունը, որի շրջանակներում իրականացվել են 4 մեծ ծրագրեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մարտի 27-ին, 2022 թվականի հիմնադրամի գործունեության հաշվետվությանը նվիրված ասուլիսի ժամանակ նշեց «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը՝ ընդգծելով, որ հիմնադրամն ունի բացառապես մարդասիրական առաքելություն:

««Օգնիր մարդուն ոտքի կանգնել, իսկ կանգուն մնալը՝ թող իր սեփական ոտքերին». այս փիլիսոփայությամբ և այս տեսակ բացառիկ մարդասիրական առաքելությանն է կոչված «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը, ինչը պահանջում է երկարաժամկետ ներդրումներ, համառ, տևական ու հետևողական աշխատանք։ «Իմ քայլը» հիմնադրամն իրականացնում է ծրագրեր, որոնք ուղղված են մարդկային կապիտալի զարգացմանը՝ մարդուն գիտելիք և հմտություն տալու առաջնահերթությամբ»,- ասաց Հայրապետյանը:

Նա նշեց, որ հիմնադրամը նպատակ ունի բացահայտել մեր երկրի և համայն հայության կարևորագույն և մշտապես վերարտադրելի ռեսուրսը՝ մարդկային ներուժը, ներդրում կատարել դրանում՝ ձևավորելով առավել որակյալ և մրցունակ հասարակություն, որն էլ, իր հերթին, պատրաստ կլինի դիմագրավել ապագայի անգամ ամենադժվարին մարտահրավերներին։

«Մենք առաջնային ենք համարում շարունակական կրթության ներդրման գործընթացը՝ հասարակության բոլոր ուժերի և տարիքային բոլոր շերտերի ներգրավմամբ, քանի որ մեր կյանքի այս աննախադեպ արագությունների ու փոփոխությունների ժամանակներում մարդուն անհրաժեշտ է զարգացնել սեփական գիտելիքները, հմտությունները և կարողություններն իր ողջ կյանքի ընթացքում»,- հավելեց «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրենը։

Հայրապետյանը նշեց, որ այս ընթացքում իրականացրել են պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման պիլոտային ծրագիրը, որի մեկնարկի համար որպես թիրախ ընտրվել են 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած զինվորները, քանի որ նրանց խոցելիությունն ավելի բարձր է գնահատվում:

«Ծրագիրն իրականացվում է Շիրակի մարզում՝ պայմանավորված վիրավոր զինվորների մեծ թվով և ՀՀ-ում գործազրկության ամենաբարձր մակարդակով: Այս տարվա ընթացքում ծրագիրը կներդրվի նաև Արմավիրի և Լոռու մարզերում:

Այս նախաձեռնության հիմքում ընկած է հաշմանդամություն ձեռք բերած զինվորների կարողությունների և հմտությունների բացահայտումն ու դրա հիման վրա հնարավորությունների ստեղծումը իրենց ամբողջ ներուժը կենսագործելու համար»,- ասաց Հայրապետյանը:

Անդրադառնալով հաջորդ կարևոր ծրագրին՝ հիմնադրամի տնօրենն ընդգծեց, որ այսօր աշխարհը թևակոխել է քվանտային տեխնոլոգիաների դար, երբ քվանտային մեխանիկան որպես գիտություն ձեռք է բերել շատ կարևոր կիրառական նշանակություն, ինչը մի քանի տասնամյակ առաջ նույնիսկ դժվար էր պատկերացնել։

«Հաշվի առնելով արդի միջազգային գիտակրթական զարգացումները՝ հիմնադրամը կիրականացնի «Քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի» մեկուկեսամյա մագիստրոսական կրթական ծրագիր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից տրամադրվող մագիստրոսի կրթական ծրագրի իրականացման լիցենզավորման կարգի հիման վրա:

Ծրագրի շրջանակներում հիմնականում դասավանդում են արտերկրի առաջատար բուհերից հրավիրված բարձրակարգ հայազգի դասախոսներ: Մեկուկեսամյա մագիստրոսական կրթական ծրագրի շրջանակներում կարող են ուսումնառել ընդամենը 15 ուսանող, որոնց ուսման ամբողջ վարձավճարը փոխհատուցվում է «Իմ քայլը» հիմնադրամի կողմից՝ կրթաթոշակի տեսքով»,- ասաց նա։

Հայրապետյանը նշեց, որ մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրով նախատեսվում է մշակել ու հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդնել կրթական նոր մոդել, որը հիմնված կլինի յուրաքանչյուր աշակերտի անհատական կարողությունների և համայնքային առանձնահատկությունների ու հնարավորությունների վրա:

«Հաշվի առնելով յուրաքանչյուր համայնքի ինքնատիպ պատմությունը, զբաղմունքները, կենցաղը, համայնքային առանձնահատկություններն ու այդ ամենից բխող տեղային հնարավորությունները՝ մենք հավատացած ենք, որ այսօրինակ կրթական ծրագրերի հետևողական իրականացումը մարզերում կնպաստի աշխատաշուկայի զարգացմանը և պահանջարկի բավարարմանը, ինչն էլ, իր հերթին, երիտասարդների կյանքն առավել գրավիչ կդարձնի։

«Հորիզոններ» կրթական ծրագիրը 2022թ․ փորձարարական տարբերակով կիրականացվի գինեգործության և խաղողագործության ոլորտում՝ Արմավիրի և Արագածոտնի մարզերի 11 բնակավայրերի 9-12-րդ դասարանի աշակերտների համար»,- ասաց «Իմ քայլը» հիմնադրամի տնօրենը:

Նրա խոսքով՝ ծրագրի շահառուները հնարավորություն կստանան տեղում ծանոթանալ գինեգործության և խաղողագործության մշակույթին՝ համատեղելով տեսական և գործնական գիտելիքները, դրանք ներառել իրենց հանրակրթական զբաղվածության մեջ, ուսումը դարձնել հետաքրքիր և բովանդակային, նպաստել մասնագիտական կարողությունների զարգացմանը:

Հայրապետյանը ուրախությամբ ներկայացրեց, որ 2022 թվականին «Իմ քայլը» հիմնադրամի և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համատեղ ջանքերով իրականացվեց «Ներուժը» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը, որի նպատակն է խթանել Հայաստանում տեխնոլոգիական ձեռներեցության էկոհամակարգը՝ միաժամանակ նպաստելով հայրենադարձությանը և համահայկական ներուժի ու կարողությունների ներգրավմանը Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացներում։ Ծրագրի շրջանակում երեք ընկերություններ ստացան դրամաշնորհներ՝ Հայաստանում ընկերության գրանցման և գաղափարի իրագործման նպատակով։

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում