«Երևանյան բեսթսելեր». «Երկնքում շատ աստղեր կան»-ը՝ առաջատար. մանկական. փետրվար, 2023
7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական և պատանեկան գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ փետրվարի վաճառքի տվյալների:
Առաջին տեղում է Գրիգոր Քեշիշյանի «Երկնքում շատ աստղեր կան» պատմվածքների ժողովածուն։ Վերջինիս մեջ ներառվել են գաղափարներ ընտանեկան ջերմության, սիրո, փոխըմբռնման և նվիրվածության, ծնող-երեխա բազմաշերտ փոխհարաբերությունների, ընտանիքում տիրող խաղաղ և ջերմ մթնոլորտի կարևորության մասին։
Երկրորդ տեղում է Մայքլ Բոնդի «Փադինգթոն անունով արջուկը»։ Փադինգթոն արջուկը, օվկիանոսը հատելով, հեռավոր Պերուից հասնում է Անգլիա` Լոնդոն: Այստեղ նա հանդիպում է տեր և տիկին Բրաուններին և շուտով դառնում այս հրաշալի ընտանիքի լիիրավ անդամը: Մեծ քաղաքում Փադինգթոնին սպասում են անհամար նորույթներ, հետաքրքիր ու անհավանական արկածներ:
Բոլոր ժամանակների ամենաընթերցվող հեղինակներից մեկի`ՀովհաննեսԹումանյանի «Հեքիաթների մոլորակ. ընտրանի երկրորդ»ժողովածուն երրորդն է: Թումանյանի գործերը պահանջված են բոլոր սերունդների կողմից, դրանք հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:
ՀովհաննեսԹումանյանի «Հեքիաթների մոլորակ. ընտրանի երրորդ» ժողովածուն չորրորդն է։ Երրորդ ընտրանիում տեղ են գտել Հովհաննես Թումանյանի «Անգին քարը», «Որոտ թագավորը», «Անտառի տնակը» և այլ հեքիաթներ:
ՀովհաննեսԹումանյանի «Հեքիաթների մոլորակ․ ընտրանի առաջին» ժողովածուն հինգերորդն է։ Առաջին ընտրանիում տեղ են գտել Հովհաննես Թումանյանի «Պոչատ աղվեսը», «Ոսկու Կարասը», «Քաջ Նազարը», «Կիկոսի մահը» և այլ սիրված հեքիաթներ:
Մերի Ադա Շվարցի «Սփիֆեն: Մաքրասեր Խոզուկի հեքիաթը» վեցերորդ տեղում է։ Այս պատկերազարդ հեքիաթը հրաշալի խոզուկ Սփիֆենի մասին է, որն ապրում էր Խոզաստանի Փնթոշաքաղաքում: Նա բոլորովին նման չէր քաղաքի մյուս խոզերին. մաքրասեր էր, ճշտապահ, աշխատասեր, հնարամիտ, խիզախ: Ահա Սփիֆենի այդ հատկանիշներն էլ օգնում են փրկելու Փնթոշաքաղաքը Վիշապի հարձակումից:
Յոթերորդ տեղում է «Գայլն ու յոթ ուլիկները» գիրքը: Գրիմ եղբայրների այս հեքիաթը, հրատարակվել է 1812-1815 թվականների հեքիաթների շարքում: Սյուժեն շատ հայտնի է ու պարզ, այն ծանոթ է յուրաքանչյուր փոքրիկի:
Նիլ Գեյմանի «Քորլայն»-ը ութերորդ տեղում է։ Քորլայնի ընտանիքը նոր տուն է տեղափոխվում: Ո՞վ գիտի, թե ինչ կա տասնմեկ տարեկան աղջկա մտքին: Դե իհարկե, ուսումնասիրել ու ճանաչել նոր տարածքն ու տեղի բնակիչներին: Իսկ բնակիչները շատ յուրօրինակ են ու շատ անսովոր… նույնիսկ սարսափելի անսովոր: Նրանք բնակվում են ոչ միայն վերևի և ներքևի հարկերում, այլև տան մի հին փակ դռան հետևում և պատրաստ են ամեն ինչ անելու, որպեսզի Քորլայնը մնա իրենց հետ… հավերժ ու հավիտյան: Քորլայնից կպահանջվի մեծ քաջություն ու վճռականություն սպասվող փորձությունները հաղթահարելու համար:
Իններորդ տեղում է Աստրիդ Լինդգրենի «Երկարագուլպա Պիպին»: Մանկական գրականություն մուտք գործելով Պիպիի մասին պատմություններով՝ շվեդ հռչակավոր մանկագիր Աստրիդ Լինդգրենը հեղաշրջեց այն: Գիրքն ընդգրկում է անսովոր ուժի տեր չարաճճի աղջիկ Երկարագուլպա Պիպիի մասին վիպակներից առաջինը: Այն գրվել է 1944 թ-ին և այդ տարվանից դարձել ամենասիրված մանկական գրքերից մեկն աշխարհում:
Տասներորդ հորիզոնականում է Ջաննի Ռոդարիի «Երկնագույն նետը»: Ըստ իտալական լեգենդի՝ ամեն տարի՝ Աստվածահայտնության տոնին, Բեֆանան տնետուն է շրջում և երեխաներին նվերներ բաժանում: Ջաննի Ռոդարիի այս գողտրիկ պատմության մեջ պառավ Բեֆանան խաղալիքների փոքրիկ խանութ ունի: Խաղալիքները, ցուցափեղկին կանգնած, հետևում են ձյունապատ փողոցի անցուդարձին՝ հնազանդ իրենց «լարովի» ճակատագրին ու խանութի քմահաճ տիրուհու կամքին: Սակայն հայտնության գիշերը նրանք կենդանություն են առնում, նստում «Երկնագույն նետ» անունով հրաշալի գնացքը և որոշում իրենք իրենց նվիրել այն երեխաներին, որոնց խեղճ ծնողները չեն կարող զավակների համար նվերներ գնել: Երկնագույն նետի ուղևորները դառնում են սիրո, անձնազոհության և համերաշխության հրաշալի օրինակ փոքրիկ ընթերցողների համար:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | * | ![]() |
Գրիգոր Քեշիշյան «Երկնքում շատ աստղեր կան» |
Դավինչի | 128 |
| 2 | * | ![]() |
Մայքլ Բոնդ «Փադինգթոն անունով արջուկը» |
Զանգակ | 121 |
| 3 | * | ![]() |
Հովհաննես Թումանյան «Հեքիաթների մոլորակ․ ընտրանի երկրորդ» |
ՄՀՄ | 88 |
| 4 | * | ![]() |
Հովհաննես Թումանյան «Հեքիաթների մոլորակ․ ընտրանի երրորդ» |
ՄՀՄ | 86 |
| 5 | * |
Հովհաննես Թումանյան «Հեքիաթների մոլորակ․ ընտրանի առաջին» |
ՄՀՄ | 82 | |
| 6 | նոր | ![]() |
Մերի Ադա Շվարց «Սփիֆեն: Մաքրասեր Խոզուկի հեքիաթը» |
Զանգակ | 76 |
| 7 | -4 | ![]() |
«Գայլն ու յոթ ուլիկները» | Բուկինիստ | 71 |
| 8 | * | ![]() |
Նիլ Գեյման «Քորլայն» |
Զանգակ | 56 |
| 9 | * | ![]() |
Աստրիդ Լինդգրեն «Երկարագուլպա Պիպին» |
Զանգակ | 56 |
| 10 | * | ![]() |
Ջաննի Ռոդարի «Երկնագույն նետը» |
Զանգակ | 54 |
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:








