Հասարակական

Սուրեն Պապիկյանն այցելել է հարավարևելյան սահմանագոտի, ցուցումներ տվել ստորաբաժանումների հրամանատարներին

2 րոպեի ընթերցում

Սուրեն Պապիկյանն այցելել է հարավարևելյան սահմանագոտի, ցուցումներ տվել ստորաբաժանումների հրամանատարներին

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 23-ին N զորամիավորում կատարած այցի ընթացքում շրջել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտում, հետևել մարտական հերթապահության ընթացքին, զրուցել դիրքապահների հետ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, Սուրեն Պապիկյանը հատուկ ուշադրություն է դարձրել դիրքերի ինժեներական կառույցների հագեցվածությանը, կացարանային պայմաններին։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ցուցումներ է տվել ստորաբաժանումների հրամանատարներին, թիկունքային ապահովումն իրականացնող ծառայությունների պետերին՝ դիրքերին մատակարարվող զինամթերքի, սննդի, ինժեներական միջոցների ապահովումը լիարժեք կազմակերպելու նպատակով։

Դիրքապահների հետ զրույցի ընթացքում նախարարը քննարկել է նաև ԶՈւ բարեփոխումներին վերաբերող հարցեր, մասնավորապես՝ պայմանագրային ծառայության նոր հնարավորությունները, որոնք խթան կդառնան արհեստավարժ բանակ ձևավորելու ճանապարհին։

Այնուհետև Սուրեն Պապիկյանն այցելել է զորամիավորման ենթակա ստորաբաժանումներից մեկի համար շենք-շինությունների կառուցապատման տարածք։ Նախարարը շրջել է մասնաշենքերում, հետևել շինարարության ընթացքին, պատասխանատուներին հանձնարարականներ տվել սահմանված ժամկետում աշխատանքներն ավարտելու և շինությունների շինարարական նորմերը պահպանելու ուղղությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում