Ֆրանսիան պատրաստակամ է աջակցելու ՀՀ ՆԳ նախարարությանը
3 րոպեի ընթերցում
![Ֆրանսիան պատրաստակամ է աջակցելու ՀՀ ՆԳ նախարարությանը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/03/1106507.jpg)
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը մարտի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, ողջունելով դեսպանին՝ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական իրավապահ կառույցների շուրջ 28 տարվա համագործակցությունը և այն ընդլայնելու պատրաստակամություն հայտնել։
Ներքին գործերի նախարարը նշել է, որ տարիների ընթացքում ֆրանսիացի գործընկերների աջակցությամբ կազմակերպվել են 100-ից ավելի միջոցառումներ՝ շուրջ հազար ոստիկանի համար։
«Վահե Ղազարյանն իր խոսքում ընդգծել է նաև ինտենսիվ աշխատանքները, որոնք իրականացվում են Հայաստանի և Ֆրանսիայի Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոների միջև, իսկ միգրացիայի ոլորտում՝ սերտ համագործակցությունը Հայաստանում Ֆրանսիայի իմիգրացիայի և ինտեգրման գրասենյակի տարածաշրջանային ներկայացուցչության հետ։
Արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ շնորհավորել է Վահե Ղազարյանին ՀՀ ներքին գործերի նախարար նշանակվելու կապակացությամբ և Ֆրանսիայի անունից պատրաստակամություն հայտնել աջակցել նախարարությանը։
Անն Լույոն նշելով ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում սերտ կապերը՝ կարևորել է ոստիկանության, քաղպաշտպանության և միգրացիայի ոլորտներում համագործակցությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացրել է նախարարության կազմավորման, ինչպես նաև ենթակա ծառայություններում ընթացող բարեփոխումների մանրամասներ։ Նա մատնանշել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակներում համագործակցությունը միգրացիայի և քաղաքացիության ոլորտում, նշել ծառայություններում կանանց ներգրավվածության բարձրացման ուղղությամբ, ծառայողների ատեստավորման ու ջրային պարեկային ծառայության ստեղծման աշխատանքների մասին։
Հարավային Կովկասում ներքին անվտանգության տարածաշրջանային կցորդ Օլիվիե Լըֆեբվրը ներկայացրել է համագործակցության նախատեսվող ծրագրերը, որոնք ընդգրկում են ներքին վերահսկողության, ոստիկանական գվարդիայի, ջրային պարեկային ծառայության, համացանցի միջոցով թմրամիջոցների իրացման, ընտանեկան բռնության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, միգրացիայի և քաղաքացիության ոլորտները։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ընդլայնմանն ուղղված այլ հարցեր։