Միջազգային

Աղբահավաքների գործադուլի պատճառով Փարիզում մոտ 6000 տոննա աղբ է կուտակվել

2 րոպեի ընթերցում

Աղբահավաքների գործադուլի պատճառով Փարիզում մոտ 6000 տոննա աղբ է կուտակվել

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի փողոցներում մոտ 6 հազար տոննա աղբ է կուտակվել աղբահավաքների գործադուլի պատճառով, որոնք հանդես են գալիս Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխման դեմ։

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից: Ըստ Midi Libre թերթի՝ Փարիզի փողոցներում մոտ 6 հազար տոննա աղբի կուտակումը կապված է աղբահավաքների գործադուլի հետ, որն սկսվել է մարտի 7-ից։

Աղբահանությամբ զբաղվող աշխատողները ներկայում ունեն կենսաթոշակի անցնելու արտոնյալ տարիք (62-ի փոխարեն 57): Կենսաթոշակային բարեփոխումը ենթադրում Է, որ նրանց կենսաթոշակի անցնելու տարիքը կբարձրացվի մինչև 59 տարեկան: ТАСС-ի թղթակիցը նշում է, որ աղբահանության հետ կապված իրավիճակը տարբերվում է՝ ըստ շրջանների։

Ավելի շատ աղբ է կուտակվել այն շրջանների փողոցներում, որտեղ բնակվում են առավելապես ունևոր փարիզցիները: Մասնավորապես, դա 6-րդ շրջանն է, որի հայտնի վայրերից է Լյուքսեմբուրգյան այգին։ Իրավիճակը վատ է նաև 16-րդ և 17-րդ շրջաններում, որոնք գտնվում են Հաղթական կամարի երկու կողմերում: Փորձագետների վկայությամբ՝ դա պայմանավորված է այն բանով, որ այդ շրջաններում աղբահանությամբ զբաղվում են քաղաքապետարանները, որտեղ բարձր Է գործադուլին մասնակցող աշխատողների տոկոսը։

Մյուս շրջաններում փողոցներն ավելի մաքուր են, քանի որ աղբահանության համար պատասխանատու են մասնավոր ընկերությունները, որտեղ գործադուլավորների թիվն ավելի քիչ Է: Դրա հետ մեկտեղ, FranceInfo ռադիոկայանի տվյալներով, թափոնների հետ կապված իրավիճակը սաստկանում է այն պատճառով, որ Փարիզի արվարձաններում չեն աշխատում երեք գործարաններ, որոնք այրում են չտեսակավորված աղբը։ Այդ ձեռնարկություններն օրական ոչնչացնում են մոտ 6 հազար տոննա թափոններ, որոնք հավաքվում են Փարիզում և Իլ դը Ֆրանսի շրջանում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում