Միջազգային

Ռուսաստանի ԱԳՆ-ում հայտարարել են հացահատիկի գործարքի երկարաձգման մասին

3 րոպեի ընթերցում

Ռուսաստանի ԱԳՆ-ում հայտարարել են հացահատիկի գործարքի երկարաձգման մասին

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հացահատիկի գործարքը երկարաձգվել է 60 օրով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին այսօր ТАСС-ին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։

«Մեր փոխնախարարը (խմբ.՝ Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Վերշինինը), որը վարում է այդ գործարքը, երեկ հայտարարություն է արել: Իրոք, գործարքը երկարաձգվել է, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այն երկարաձգվի 60 օրով։ Կրկին վերահաստատվել Է դրա փաթեթային բնույթը», - ասել է Գրուշկոն։

ՌԴ փոխարտգործնախարարն ընդգծել է, որ Մոսկվան համառորեն կձգտի, որպեսզի Ռուսաստանի հանդեպ ստանձնած պարտավորությունները կատարվեն, այն է՝ վերացվեն ուղղակի և անուղղակի բոլոր պատժամիջոցները՝ կապված ռուսական գյուղատնտեսական արտադրանքը համաշխարհային շուկաներ արտահանելու հետ:

«Խոսքը վերաբերում Է ոչ միայն փոխադրմանը, արտասահմանյան նավահանգիստներ մեր նավերի մուտքի հնարավորությանը, (այլև) ապահովագրությանը, ինչպես նաև այն հարցերի լուծման անհրաժեշտությանը, որոնք անմիջականորեն կապված են մեր երկրում հացահատիկի արտադրության և մշակման հետ, - նշել Է նա: - Դրանք համապատասխան տեխնոլոգիաների, պահեստամասերի, զանազան գյուղտեխնիկայի մատակարարումներն են և այլ հարցեր»։

ՌԴ փոխարտգործնախարարը լրագրողների հետ կայացած զրույցում նշել է, որ հացահատիկի գործարքը կերկարաձգվի այն ​​պայմաններով, որոնք սահմանվել են ավելի վաղ։

«Եվս մեկ անգամ ընդգծեմ, որ մեզ համար գլխավորն այն խոստումների, պարտավորությունների լիարժեք կատարումն է, որոնք նրանք ստանձնել են (խմբ.՝ ռուսական արտադրանքի արտահանման վերաբերյալ): Այդ իմաստով ոչինչ չի փոխվում մեզ համար, և մենք համառորեն կաշխատենք ու մեր գործընկերներին կստիպենք կատարել ստանձնած պարտավորությունները», - ասել է Գրուշկոն։

Դիվանագետը հավելել է, որ Ռուսաստանի Դաշնությունից գյուղմթերքների արտահանման սահմանափակումների վերացման գործընթացն ընթանում է, բայց դանդաղ։

«Եվս մեկ անգամ ընդգծեմ, որ գործընթացն ընթանում է, բայց շատ դանդաղ: Մինչ այժմ մի ամբողջ շարք երկրների նավահանգիստներում են գտնվում մեր պարարտանյութերը, որոնք մենք պատրաստ ենք անվճար մատակարարել ամենաաղքատ երկրներին: Ստեղծվում են արհեստական ​​խոչընդոտներ ու ձգձգումներ», - ասել Է նա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում