Միջազգային

Պետական ​​դավաճանության համար մահապատիժ նախատեսող փոփոխությունները Բելառուսում ուժի մեջ կմտնեն մարտի 25-ից

3 րոպեի ընթերցում

Պետական ​​դավաճանության համար մահապատիժ նախատեսող փոփոխությունները Բելառուսում ուժի մեջ կմտնեն մարտի 25-ից

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսում մարտի 25-ից ուժի մեջ կմտնեն քրեական պատասխանատվության օրենսգրքերում ուղղումները, որոնք պետական ​​դավաճանության համար մահապատիժ են նախատեսում պաշտոնյաների և զինծառայողների համար, ինչպես նաև քրեական պատասխանատվություն՝ ահաբեկչություն քարոզելու և բանակը վարկաբեկելու համար։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից:

Նշվում է, որ «Քրեական պատասխանատվության օրենսգրքերում փոփոխություն կատարելու մասին» օրենքը Բելառուսի ազգային իրավական ինտերնետ-հարթակում հրապարակվել է մարտի 14-ին: «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակումից տասն օր հետո», - ասվում է փաստաթղթում։

Մարտի 9-ին օրենքն ստորագրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նշվել է, որ փաստաթղթի հիմնական նպատակը «ծայրահեղական (ահաբեկչական) և հակապետական ​​ուղղվածության հանցագործություններին հակազդեցության ուժեղացումն է»։

Օրենքը նախատեսում է պաշտոնատար անձի կողմից կատարված պետական դավաճանության համար քրեական պատասխանատվությունը տարածել պետական ​​պաշտոն զբաղեցնող բոլոր անձանց վրա։ Դրա հետ մեկտեղ, պաշտոնյայի կամ զինծառայողի կողմից պետությանը դավաճանելու համար սահմանվում է պատժի բացառիկ միջոց՝ մահապատիժ կիրառելու հնարավորություն։

Մի շարք հակապետական ​​ուղղվածության հանցագործությունների համար սահմանվում է լրացուցիչ տույժ՝ մինչև 50 հազար բազային մեծության չափով (շուրջ 740 հազար ԱՄՆ դոլար) տուգանքի տեսքով։

Օրենքը նաև քրեական պատասխանատվություն է նախատեսում ահաբեկչության քարոզչության, զինված ուժերի, այլ զորքերի և ռազմական կազմավորումների, ռազմականացված կազմակերպությունների վարկաբեկման և պետական ​​գաղտնիքի պահպանման պահանջները խախտելու համար։ Պետական ​​դավաճանության, պետական ​​իշխանությունը զավթելու նպատակով դավադրության կամ այլ գործողություններ կատարելու մեջ կասկածվող անձանց կալանքի ժամկետն ավելացվում է՝ երեք օրից դառնալով տասը օր։

Միաժամանակ, փոփոխություններով նախատեսվում է քրեական պատասխանատվությունից ազատել այն անձանց, որոնք նախապատրաստվել են դիվերսիայի, բայց հրաժարվել են իրենց մտադրություններից և աջակցել հանցագործությունը կանխելուն։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում