Միջազգային

Բայդենի, Սունակի և Ալբանիզի հանդիպումից հետո Պեկինը խիստ է արձագանքել AUKUS-ի շրջանակներում ձեռնարկվող հետագա քայլերին

2 րոպեի ընթերցում

Բայդենի, Սունակի և Ալբանիզի հանդիպումից հետո Պեկինը խիստ է արձագանքել AUKUS-ի շրջանակներում ձեռնարկվող հետագա քայլերին

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի համար նոր միջուկային սուզանավեր կառուցելու ծրագրերի առնչությամբ Չինաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնը, Լոնդոնը և Կանբերան «չափազանց հեռուն են գնացել վտանգավոր ճանապարհով»: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Sky News պարբերականին:

Պեկինի այս հայտարարությունից առաջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակի և Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզի միջև Սան Դիեգոյում տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում կողմերը հայտարարել են AUKUS-ի(Ավստրալիա, Միացյալ Թագավորություն, Միացյալ Նահանգներ) գործընկերության հաջորդ փուլի մասին:

Չինաստանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, որ երեք երկրներն «արհամարհել են» միջազգային հանրության մտահոգությունները: Նշվում է, որ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ավստրալիան պնդում են, որ դաշինքը չի մեծացնում միջուկային զենքի տարածման վտանգը:

Եռակողմ հանդիպման ժամանակ Ռիշի Սունակը հայտարարել է, որ սուզանավերի երեք նավատորմերը միասին կաշխատեն՝ Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսներն «ազատ, բաց և բարգավաճ պահելու համար»:

Ջո Բայդենն իր հերթին նշել է, որ ԱՄՆ-ն չէր կարող ունենալ «ավելի լավ գործընկերներ», քան Մեծ Բրիտանիան և Ավստրալիան, երբ հարցը հասնում է Խաղաղ օվկիանոսում անվտանգության ապահովմանը: Բայդենը բացասական պատասխան է տվել այն հարցին՝ արդյոք նա մտավախություն չունի, թե Չինաստանն AUKUS-ի գործարքը կդիտարկի որպես ագրեսիա: Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ շուտով նախատեսում է խոսել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ:

2021 թ. սեպտեմբերին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, Ավստրալիայի այն ժամանակվա վարչապետ Սքոթ Մորիսոնը և Մեծ Բրիտանիայի այն ժամանակվա վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել էին անվտանգության բնագավառում նոր եռակողմ գործընկերության՝ AUKUS-ի ստեղծման մասին: Ծրագրով նախատեսվում է Virginia դասի միջուկային սուզանավեր մատակարարել Ավստրալիային՝ Խաղաղ օվկիանոսում Չինաստանի գործողություններին հակազդելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում