Միջազգային

Հյուսիսային Կորեան արձակել Է փոքր հեռահարության 2 բալիստիկ հրթիռ՝ ի պատասխան Սեուլ-Վաշինգտոն զորավարժությունների

2 րոպեի ընթերցում

Հյուսիսային Կորեան արձակել Է փոքր հեռահարության 2 բալիստիկ հրթիռ՝ ի պատասխան Սեուլ-Վաշինգտոն զորավարժությունների

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի զինվորականներն այսօր արձանագրել են փոքր հեռահարության երկու բալիստիկ հրթիռների արձակում ԿԺԴՀ-ի կողմից։ Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Yonhap գործակալությանը:

Հարավային Կորեայի Շտաբների պետերի կոմիտեն հայտարարել է, որ հրթիռներն արձակվել են Հվանհաե-Նամդոյի նահանգի Չանյոնի շրջանից դեպի Ճապոնական ծովի կողմը՝ տեղական ժամանակով 07:41-ից մինչև 07:51-ը (Երևանի ժամանակով 02:41-ից մինչև 02:51-ը) ընկած ժամանակամիջոցում:

Ինչպես նշում Է Yonhap գործակալությունը, նախկինում այդ շրջանից բալիստիկ հրթիռների արձակումներ չեն գրանցվել։ Գործակալությունն ավելի ուշ հստակեցրել է, որ արձակված հրթիռները թռել են մոտ 620 կմ և ընկել են Ճապոնական ծովը: Կորեայի Հանրապետության և ԱՄՆ-ի զինվորականները շարունակում են վերլուծել տեղեկատվությունը։

«Բալիստիկ հրթիռների շարունակական արձակումները լուրջ սադրանք են, որը խաթարում է ոչ միայն Կորեական թերակղզու, այլև մոլորակի խաղաղությունն ու կայունությունը: Նրանց կոչ ենք անում անհապաղ դադարեցնել դա», - հայտարարել են Շտաբների պետերի կոմիտեում:

Մարտի 13-ին Հարավային Կորեան և Միացյալ Նահանգները սկսել են Freedom Shield համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունները:

Ինչպես հայտարարել են Սեուլում, համատեղ զորավարժությունները կրում են պաշտպանական բնույթ և «հիմնված են Հյուսիսային Կորեայի հնարավոր ագրեսիայից Կորեայի Հանրապետության պաշտպանության օպերատիվ ծրագրերի վրա»: Հյուսիսային Կորեան դատապարտել է այդ զորավարժությունները՝ դրանք որակելով որպես իր դեմ պատերազմի փորձ:

Փհենյանը զորավարժությունների շրջանակներում մարտի 12-ին սուզանավից երկու ռազմավարական թևավոր հրթիռ էր արձակել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում