Մշակույթ

Հայկական կինոյի ցուցադրություններ, երիտասարդների համար նոր հարթակներ. Ազգային կինոկենտրոնի թիմը վերադարձել է Բեռլինից

5 րոպեի ընթերցում

Հայկական կինոյի ցուցադրություններ, երիտասարդների համար նոր հարթակներ. Ազգային կինոկենտրոնի թիմը վերադարձել է Բեռլինից

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային կինոկենտրոնի թիմն օրերս հայկական տաղավարով է ներկայացել Բեռլինալեինկիցեվրոպականկինոշուկային: Կինոկենտրոնը տարբեր երկրների կինոգործիչների, փառատոնների տնօրենների հետ բանակցել է հայ երիտասարդ կինոգործիչներին հարթակներ տրամադրելու, հայկական կինոն աշխարհում ներկայացնելու շուրջ:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը հիշեցրեց՝ առաջին անգամ Բեռլինի կինոշուկայում հայկական տաղավարով ներկայացել են 2020 թվականին. հետագա մասնակցություններին խոչընդոտել է համավարակը:

«Այս տարվա մասնակցությունը կարևոր էր: Երիտասարդ հայ ստեղծագործողների առաջընթացին նպաստելու համար բանակցել ենք տարբեր հարթակներում: Պայմանավորվածություններ ենք ձեռք բերել տարբեր միջազգային փառատոններին կից կազմակերպվող հարթակներում հայ պրոդյուսերների, ռեժիսորների մասնակցության համար: Կարևոր է, որ նրանք հանդիպեն այլ երկրների ստեղծագործողների հետ և կարողանան շփումների արդյունքում համատեղ ֆիլմեր ստեղծել»,-շեշտեց նա:

Կարճամետրաժ և լիամետրաժ ֆիլմերի ստեղծման համար ազգային կինոկենտրոնը ֆինանսական աջակցություն է տրամադրում երիտասարդ կինոգործիչների:

Միրզախանյանի խոսքով՝ նրանք շատ ակտիվ են, սակայն կարող են անել ավելին՝ ստեղծելով համատեղ արտադրության կինոնկարներ, որոնք ավելի հեշտ կլինի ցուցադրել աշխարհի տարբեր երկրներում:

Կինոկենտրոնը Բեռլինում բանակցություններ է վարել նաև հայ կինոյի 100-ամյակի շուրջ: «Հանդիպել ենք Մոնտենեգրոյի, Մոլդովայի, Վրաստանի կինոկենտրոնների տնօրենների հետ: Բանակցել ենք երիտասարդների համար հարթակներ ստեղծելու և այդ երկրներում հայկական կինոցուցադրություններ կազմակերպելու վերաբերյալ: Հայկական կինո ասելով՝ նկատի չունեմ միայն մեր ժառանգությունը, այլև այսօր նկարահանվող ֆիլմերը: Պայմանավորվածություն ենք ձեռք բերել Վենետիկի կինոփառատոնի հետ՝ մեր ժառանգությունը համարվող ֆիլմերը վերականգնելու և այնտեղ ցուցադրելու նպատակով»,-պատմեց Միրզախանյանը:

Համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաև Բրյուսելի և Բեռլինի Սինեմատեկների հետ:

Կինոկենտրոնի տնօրենի խոսքերով՝ կապերը գնալով ընդլայնվում են, հետաքրքրությունը հայկական կինոյի նկատմամբ մեծանում է: Ըստ նրա՝ վերջին մի քանի տարվա ընթացքում կինոկենտրոնի՝ հայկական կինոժառանգությանն ուղղված աշխատանքը բերել է նոր կապերի հաստատմանը, ինչն էլ արդյունքներ է տալիս:

Անդրադառնալով այն ֆիլմերին, որոնց ստեղծմանն աջակցում են՝ Շուշանիկ Միրզախանյանը տեղեկացրեց, որ կինոնախագծերն ընտրում է անկախ հանձնաժողովը, որի անդամներն ուսումնասիրում են ֆիլմերի սցենարները, գնահատում են և այլն: «Տարիների փորձը ցույց է տալիս, որ պետական աջակցություն ստացած բոլոր կինոնկարներն էլ ազգային թեմաներ են արծարծում: Հանձնաժողովի անդամները դրան ուշադրություն են դարձնում»,-նշեց նա և հավելեց, որ փոքր ֆինանսավորում են հատկացրել ռեժիսոր Ջեսիկա Վուդվորթի «Լուկա» ֆիլմին, որում ծավալվող գործողություններն առնչություն չունեն Հայաստանի հետ, սակայն կինոնկարը լայն արձագանք է գտել:

Կինոկենտրոնը հաշվի է առնում, թե ով է ռեժիսորը, թե որ երկրներն են այն ֆինանսավորում, թե որքանով է կարևոր նման նախագծում Հայաստանի մասնակցությունը: «Ֆիլմին աջակցելու մեր պայմաններից մեկն էր, որ դերակատարներից մեկը լինի Հայաստանից: Ընտրեցին Սամվել Թադևոսյանին, որը փայլուն խաղաց իր դերը: Ռոտերդամի փառատոնում, որտեղ տեղի ունեցավ կինոնկարի միջազգային պրեմիերան, ռեժիսորն առաջինը հնչեցրեց Հայաստանի անունը, այնինչ այն ֆինանսավորել էր հինգ երկիր: Կինոնկարի նկարահանումները պետք է Հայաստանում անցկացվեին, սակայն պատերազմը խանգարեց, և նկարահանումները տեղի ունեցան Սիցիլիայում»,-նշեց Միրզախանյանը:

Նրա համոզմամբ՝ պետք է յուրաքանչյուր հնարավորություն օգտագործել Հայաստանի ու հայկական կինոյի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու համար:

Անժելա Համբարձումյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում