Վարչապետը ներկայացրեց, թե Արցախում իրականացրած ահաբեկչությամբ Ադրբեջանը ինչ նպատակ էր հետապնդում

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, թե մարտի 5-ին Արցախում իրականացրած ահաբեկչությամբ Ադրբեջանը ինչ նպատակ էր հետապնդում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը նշեց, որ մոտ երեք ամիս Լաչինի միջանցքի՝ Ադրբեջանի կողմից փակ լինելու պայմաններում Լեռնային Ղարաբաղում իրավիճակը սրվել է։

Վարչապետը հիշեցրեց, որ նախորդ կիրակի օրը Ադրբեջանի զինված ուժերի մի ստորաբաժանում դարանակալել և հարձակվել է Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտից «ՈՒԱԶ» մակնիշի մարդատար ավտոմեքենայով ծառայողական նպատակներով Լեռնային Ղարաբաղի Հին Շեն և Մեծ Շեն ուղևորվող ոստիկանների վրա։ Ոստիկաններից երեքը զոհվել են, մեկը՝ վիրավորվել։

Ցավակցություն հայտնելով զոհված ոստիկանների հարազատներին և ծառայակիցներին՝ Փաշինյանն ընդգծեց, որ նրանք երեքն էլ ծնվել են Լեռնային Ղարաբաղում։

«Այս հանգամանքը հատուկ կարևորություն է ստանում 2023 թվականի փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության համաժողովում Ադրբեջանի նախագահի արած մի հայտարարության ֆոնին։ Իսկ Ադրբեջանի նախագահը Մյունխենում ընդունել էր, որ գոյություն ունի միջազգային պայմանավորվածություն, համաձայն որի՝ իրենք պետք է Լեռնային Ղարաբաղի հայության ներկայացուցիչների հետ քննարկեն վերջիններիս իրավունքների և անվտանգության հարցը։ Ադրբեջանի նախագահը, սակայն, ընդգծել էր, թե այդ քննարկումները իրենք պատրաստվում են ունենալ Լեռնային Ղարաբաղում ծնված և ապրած մարդկանց հետ։ Մարտի 1-ին Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի կենտրոնակայանում տեղի էր ունեցել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը, և ահա այդ հանդիպումից չորս օր անց Ադրբեջանը ձեռնարկեց վերը նկարագրված սադրանքը, որը այլ կերպ, քան ահաբեկչական ակտ դժվար է որակել։ Այդ ահաբեկչական ակտին զոհ գնացին Լեռնային Ղարաբաղում ծնված, Լեռնային Ղարաբաղում ընտանիքներ կազմած 3,2 և 1 երեխա ունեցող երեք քաղաքացի»,- ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ մարտի 5-ի ահաբեկչությամբ Ադրբեջանը մի քանի նպատակ է հետապնդում․ բանակցությունների վիժեցում, Հայաստանից Լեռնային Ղարաբաղ զենք-զինամթերք տեղափոխելու մասին կեղծ ապացույցների ստեղծում և նոր խոսույթների և տեղեկատվական հոսքի ձևավորում, որը կծածկի այն, որ Ադրբեջանը բացահայտ կերպով չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի որոշումը Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ։

«Առաջինը՝ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ հետագա բանակցությունների վիժեցումն ու նոր ռազմական սադրանքի համար անհրաժեշտ ֆոն ստեղծելն է։ Այս առումով պետք է ընդգծեմ, որ Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարությունը երեկ հանդես եկել հայտարարությամբ՝ արտահայտելով պատրաստակամություն շարունակելու խոսակցությունն Ադրբեջանի հետ։ Սա չափազանց կարևոր հայտարարություն է։ Կարծում եմ՝ անհրաժեշտ է միջազգային հուսալի մեխանիզմներ ստեղծել, որ Բաքու-Ստեփանակերտ անխափան և ինստիտուցիոնալ խոսակցություն տեղի ունենա, և սա վերը հիշատակված միջազգային պայմանավորվածության իրացման արդյունավետ երաշխիք կարող է դառնալ։

Մարտի 5-ի սադրանքի հաջորդ նպատակն է ստեղծել կեղծ ապացույցներ, թե Հայաստանից Լեռնային Ղարաբաղ զենք-զինամթերք է տեղափոխվում։ Այս թեման Ադրբեջանի համար կարևոր է հատկապես Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշումից հետո, երբ դատարանը միանշանակ և աներկբա մերժեց Հայաստանի նկատմամբ ժամանակավոր միջոց կիրառելու Ադրբեջանի պահանջը, որով Ադրբեջանը Հայաստանին մեղադրում էր ականապատումներ իրականացնելու մեջ։ Այդ մերժմամբ արդեն մի քանի միջազգային հարթակներում Հայաստանի դեմ ծավալվող անհիմն մեղադրանքները ականապատումների մասին փլուզվեցին։ Եվ սա չափազանց կարևոր էր։ Եվ ահա Ադրբեջանը մարտի 5-ի միջադեպը փորձ էր անում ներկայացնել որպես Հայաստանի Հանրապետությունից Լեռնային Ղարաբաղ զենք տեղափոխելու ապացույց, ինչը չստացվեց երկու պատճառով։ Նախ ոստիկանության «ՈՒԱԶ»-ը ոչ թե գնում էր դեպի Ստեփանակերտ, այլ Ստեփանակերտից էր դուրս եկել և երկրորդը՝ Ադրբեջանի հարձակումը և նաև «ՈՒԱԶ» մեքենայի հետագիծը Ստեփանակերտից մինչև դեպքի վայր նկարահանվել էր Լեռնային Ղարաբաղի ներքին գործերի նախարարության տեսախցիկների կողմից, ինչից ակնհայտ էր դառնում, որ ոստիկանության մեքենաներում, բացի փաստաթղթերից և տաբելային զենքերից, որևէ այլ բան չի եղել։

Ադրբեջանի հաջորդ կարևոր նպատակը հետևյալն էր։ Արյունոտ ահաբեկչությամբ ձևավորել նոր խոսույթներ, տեղեկատվական նորանոր հոսքեր, որոնք կծածկեն կարևորագույն մի փաստ, որ Ադրբեջանը բացահայտ կերպով չի կատարում համաշխարհային բարձրագույն ատյանի՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ։

Հիշեցնեմ, որ պարտադիր իրավական ուժ ունեցող որոշմամբ Դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնարկել իրեն հասու բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։ Դատարանը շեշտել էր, որ իր որոշումը պարտադիր իրավական ուժ է առաջացնում Ադրբեջանի համար։ Եվ ահա այս որոշումը 15 օր է՝ չի կատարվում, և սա բացառապես Ադրբեջանի պատասխանատվությունն է։ Դեռ հակառակը, Ադրբեջանը գնում է նորանոր սադրանքների իրադրությունը Լեռնային Ղարաբաղում էլ ավելի սրելու համար»,- եզրափակեց Փաշինյանը։

Հայերեն English Français Русский