Տարածաշրջանային

Այաթոլա Խամենեին կոչ է արել խստագույն պատժի ենթարկել երկրի դպրոցներում թունավորումների պատասխանատուներին

1 րոպեի ընթերցում

Այաթոլա Խամենեին կոչ է արել խստագույն պատժի ենթարկել երկրի դպրոցներում թունավորումների պատասխանատուներին

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Սեյեդ Ալի Խամենեին Իրանի իշխանություններին կոչ է արել գտնել երկրի տարբեր դպրոցներում իրականացված թունավորումների պատասխանատուներին և նրանց խստագույն պատժի ենթարկել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է իրանական Tasnim գործակալությունից:

Խամենեին նշել է, որ իշխանությունները, հետախուզությունը և իրավապահները պետք է լրջորեն վերաբերվեն այս գործին: Նա թունավորումներն անվանել է «հանցագործություն հասարակության ամենաանմեղ անդամների, մասնավորապես՝ երեխաների դեմ»:

Խամենեին շեշտել է, որ հանցագործության մեղավորներին ներում չի լինի, և նրանք կպատժվեն խստագույն ձևով, որպեսզի օրինակ ծառայեն մյուսների համար:

Ավելի վաղ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել էր, որ թունավորումների գործով հետաքննություն է սկսվել:

Ըստ իրանական տարբեր լրատվամիջոցների և պաշտոնյաների՝ նոյեմբերից ի վեր երկրի տարբեր դպրոցներում ավելի քան 1000 աշակերտուհի է թունավորվել: Մի շարք քաղաքական գործիչներ թունավորումների համար մեղադրում են կրոնական խմբերին, որոնք դեմ են աղջիկների կրթությանը: Որոշ աղբյուրներ հաղորդում են նաև, որ թիրախավորվել է առնվազն մեկ դպրոց, որտեղ ուսանում են տղաները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում